
41-ամյա կինը մեղադրվում է արծաթյա զարդերի մաքսանենգության մեջ

Երևանի 41-ամյա բնակչին մեղադրում են մաքսանենգությամբ Հայաստան արծաթյա զարդեր տեղափոխելու համար: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ-ում իրացնելու նպատակով Թուրքիայում ձեռք բերված 4.194.000 դրամ ընդհանուր արժեքով արծաթյա զարդերը և 52.000 դրամ ընդհանուր արժեքով արհեստական քարերն իր ձեռքի պայուսակի և ուղեբեռի տոպրակի մեջ տեղադրելով, մաքսանենգությամբ՝ դրանց մասին ճշգրիտ տեղեկությունները սահմանված ձևով չհայտարարագրելու միջոցով, ՀՀ մաքսային սահմանի «Բավրա» մաքսակետով 2013թ հոկտեմբերի 3-ին տեղափոխել է ՀՀ տարածք,որոնք անմիջապես հայտնաբերվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից կատարված կրկնակի զննմամբ: Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից: Կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Նախկինում չդատապարտված կնոջը մեղադրանք է առաջադրվել մաքսանենգության համար (ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մաս): Նշենք, որ եթե դատարանն ապացուցված համարի կնոջ մեղքը, նա կարող է պատժվել տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով