Արամ Մանուկյան. Թռուցիկներ եմ փակցնելու, թող գան ինձ բերման ենթարկեն
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ ՀԱԿ ակտիվիստներին, որոնց երեկ բերման էին ենթարկել թռուցիկները սյուներին փակցնելու համար:
«Երեկ ոստիկանությունը կրկին մեր ՀԱԿ ակտիվիստներին բերման է ենթարկել Արաբկիրի ոստիկանատուն, օրինական տեղեկացված միտինգի՝ հանրահավաքի թռուցիկներ տարածելու համար»,- ասաց նա` ոստիկանության հիմնավորումը որակելով ծիծաղելի:
«Երբ ձեզ ներկայացնեմ, թե ինչ պատճառով են բերման ենթարկվել մեր երիտասարդները, ուղղակի կծիծաղեք՝ թույլատրված միտինգի հայտարարությունները ոչ պատշաճ, ոչ թույլատրված վայրերում փակցնելու համար»:
Ա. Մանուկյանը հիշեցրեց, թե տասը օր առաջ ևս ՀԱԿ ակտիվիստներին և լրագրողներին բերման էին ենթարկել: «Ժուռնալիստներ, ջահել աղջիկներ, մեղադրանքն էլ այսպիսին էր՝ տասը հոգու միանգամից մեղադրում էին խուլիգանություն անելու կասկածանքով, ոչ թե խուլիգանություն անելու համար, այլ կասկածանքով»,- նշեց նա:
Ըստ նրա՝ իշխանությունը իր համար «տարօրինակ թույլիկությամբ» քաղաքական միջոցների դեմ պայքարում է ոչ քաղաքական մեթոդներով: «Այսինքն՝ եթե դուք ձեր քաղաքական գործիքը տվել եք ոստիկանությանը՝ էսպիսի գործընթացներով քաղաքական ֆոն ստեղծել կամ ժողովրդին վախեցնել կամ հանրահավաքներից առաջ այսպիսի ակցիաներ անել, ասեմ, որ ձեր զինանոցը շատ խղճուկ է, շատ խղճուկ: Էս մեթոդով դուք չեք կարող քաղաքական ֆոն ստեղծել, քաղաքական խնդիր լուծել: Ավելին՝ այն սյուների վրա, որտեղ փորձել են թռուցիկներ կպցնել, իշխանության կողմից կազմակերպված՝ էլեկտրական սյուների մասին է խոսքը, տասնյակ էլեկտրական սյուների վրա յուրաքանչյուրդ ամեն օր կարող եք տեսնել հակասեմիտական, հակաազգայնական, ֆաշիստական, անհանդուրժողականության ցուցանակներ, կոչեր, լոզունգներ: Ասինքն՝ իշխանությունը թույլ է տալիս Երևանի բոլոր էլեկտրասյուների վրա ամեն օր փակցնել լոզունգներ, որ վարկաբեկում են մեր երկիրը, մեր երկրի ընդունած եվրոպական և միջազգային պարտավորությունները, սկզբունքները, փոխարենը փորձում են մարդկանց իբր թե վախեցնելով թույլ չտալ միտինգի գալ: Բայց ձեզ ասեմ՝ չի ստացվելու, բացարձակ հակառակ էֆեկտն է տալու, և ամենևին ձեր արածը էն արածը չի, որ կարող է էֆեկտ տալ: Մարտի 1-ի հանրահավաքը լինելու է, շատ մարդ է գալու: Ես էսօր հայտարարում եմ՝ Կոմիտասում փակցնելու եմ թռուցիկներ այն տեղերում, որտեղ իբր չի կարելի, որովհետև այլ տեղ փակցնելու չկա: Թող գան ինձ բերման ենթարկեն»,- եզրափակեց նա: