Նախկին տնօրենն ազատվեց նաև ուսուցչի պաշտոնից, իսկ գրադարանավարը վերականգնվեց
Ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանին խնդրել էր տրամադրել Երևանի թիվ 27 դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիլյա Օհանյանի հրամանը՝ ուսուցչուհի Սուսաննա Սարգսյանին աշխատանքից ազատելու մասին:
Քաղաքապետը նախապես տեղեկացրել էր, որ փետրվարի 13-ին հանձնարարական է իջեցվել Սուսաննա Սարգսյանին մանկավարժի զբաղեցրած պաշտոնից ազատելու հարցը օրենքով սահմանված կարգով լուծելու համար:
Մինչդեռ այսօր տրամադրվել է հրամանի պատճենը, որը տրվել է ս.թ. փետրվարի 24-ին: Հիշեցնենք, որ Սուսաննա Սարգսյանը թիվ 27 դպրոցի նախկին տնօրենն էր և դատապարտվել էր պետական միջոցներից խոշոր չափով գումար յուրացնելու համար:
Օրեր առաջ մեկ այլ նամակով Անահիտ Բախշյանին էր դիմել Երևանի Մ. Մեծարենցի անվան թիվ 146 դպրոցի գրադարանավարուհին՝ հայտնելով, որ դպրոցների աշխատողների հաստիքների կրճատումների պատճառով իր հաստիքը կրճատվում է՝ 1-ից դառնալով կես:
Տիկին Բախշյանը նամակ ուղարկեց քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ հղում կատարելով ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանի՝ քաղաքապետին ուղղված հանձնարարականին, ըստ որի՝ 101-300 աշակերտ ունեցող դպրոցներում գրադարանավարն իրավունք ունի աշխատելու 1 հաստիքով: Իսկ վերոնշյալ դպրոցում սովորում է շուրջ 270 աշակերտ: Դիմումին ի պատասխան քաղաքապետի խորհրդականը հայտնել է, որ գրադարանավարուհու 1 հաստիքը վերականգնվել է:
«Բարև Երևան»