
Հովիկ Աբրահամյանն Ուկրաինայում տեղի ունեցածը համարում է «շատ վատ բան»

168.am-ն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններից հետո Մաքսային միության կայացումը վտանգի տակ չէ: Աբրահամյանը, սակայն, չպատասխանեց՝ նշելով, թե ինքը կանխատեսումներով չի զբաղվում: Ընդհանուր առմամբ, Ուկրաինայում կատարվող իրադարձությունները նա որակեց՝ որպես «շատ վատ բան»՝ նշելով.
«Յուրաքանչյուր նման իրադարձություն վատ եմ գնահատում, որովհետև կան մարդկային զոհեր»: Հարցի հետ կապված, թե արդյոք 2008 թ. Մարտի մեկի հետ նմանություններ կա՞ն, Հ. Աբրահամյանը չցանկացավ համեմատություն անցկացնել:
«Դա վատ բան է, ես չեմ ցանկանում էլի համադրել միմյանց հետ, յուրաքանչյուր նման դեպք ես դժբախտություն եմ համարում այդ երկրի, այդ ժողովրդի համար, և ամեն դեպքում՝ պետք է մենք լավ բաներ մտածենք, լավ գործեր սկսենք անել մեր ժողովրդի համար»,- նշեց նա: