
«Մենք հո մեր ժողովրդի թշնամին չե՞նք». Հովիկ Աբրահամյան

Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի համոզմամբ, հիանալի գաղափար է: Այսօր լրագրողների հետ զրույցում Հովիկ Աբրահամյանը նշեց, թե որպես բարեփոխում՝ դա հիանալի գաղափար է, ապա ավելացրեց, որ եթե կա խնդիր որևէ օրենքի հետ կապված՝ իրենք պատրաստ են այդ հարցերը վերանայել:
«Բայց գլոբալ առումով գաղափարը որպես ռեֆորմ շատ լավն է»,- շեշտեց նա: ԱԺ նախագահի խոսքերով, այժմ բազմաթիվ քննարկումներ են ընթանում կառավարության, Ազգային ժողովի և քաղաքացիական հասարակության միջև՝ այդ հարցի շուրջ և իրենք ցանկանում են հասկանալ՝ թե հատկապես ո՞րն է բողոքի հիմնական առարկան: «Բազմաթիվ ձևաչափերով ուզում ենք հասկանալ, թե խնդիրն ինչումն է: Սահմանադրական դատարանը դեռ կտա իր որոշումը, ամեն դեպքում մենք հո մեր ժողովրդի թշնամին չե՞նք, մենք ուզում ենք լավ բարեփոխում իրականացնել: Եթե այդ բարեփոխման մեջ կան թերություններ, մենք պատրաստ ենք քննարկել», – ասաց Հովիկ Աբրահամյանը: