Իշխանությունը ստեղծում է թաղմա՞ն հանձնաժողով
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը գազի ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ քննարկումների ժամանակ հայտարարեց, թե ամենակարևոր հարցը, որը քաղաքական ուժերը փորձում են քննարկումների արդյունքում լուծել, հետևյալն է՝ արդյոք «մենք ստեղծում ենք թաղմա՞ն հանձնաժողով, ճշմարտության թաղմա՞ն հանձնաժողով, թե՞ ստեղծում ենք ճշմարտության բացահայտման հանձնաժողով»:
Լ.Զուրաբյանը նշեց, թե ժողովրդին շատ պարզ հարցեր են անհանգստացնում, և երբ չորս ոչ իշխանական ուժերը ներկայացրեցին ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու իրենց առաջարկը, իրենք ցանկություն ունեին ստանալ հենց այդ հարցերի պատասխանները:
«Առաջին հարցն այն է, թե ինչո՞ւ է ապօրինաբար օգտագործվել երեք հարյուր մլն դոլարի պարտքը: Ապօրինաբար է, որովհետև կուտակվել է թաքուն, և մենք ուզում ենք հասկանալ՝ ո՞վ է դրա համար պատասխանատու, ո՞վ է մեղավոր: Երկրորդ հարցն այն է, թե ինչո՞ւ է ամենաէժան գազն աշխարհում սպառողին հասցնելուց՝ դառնում ամենաթանկ գազը: Մեզ, օրինակ, պարոն Հարությունյան, չի հետաքրքրում, թե իրականում այդ սակագնի սահմանման կարգը համապատասխանո՞ւմ է միջազգային պրակտիկային, թե՞ ոչ: Դա երկրորդական հարց է, մեզ հետաքրքրում է՝ հիմնավորվա՞ծ է սակագինը, թե՞ ոչ: Երրորդ հարցն այն է, որ մենք ուզում ենք հասկանալ, թե ինչո՞ւ են ռուսական «Գազպրոմ» ընկերությանը տրվել լիազորություններ, որոնք «Գազպրոմը» բարձր են դասում, քան մեր պետությունը»,- ասաց նա:
Լևոն Զուրաբյանի խոսքով՝ այն, ինչով զբաղվում է իշխող մեծամասնությունը, ըստ էության, այնպիսի հանձնաժողովի ստեղծումն է, որը զբաղված կլինի ճշմարտության թաղումով:
«Ինչ վերաբերում է սահմանից մինչև սպառող գնագոյացման խնդրին, այդ հարցում մենք չունենք ձեր կողմից տրվող որևէ լուրջ լուծում և մենք առաջարկում ենք, որ հարցը լուծվի հետևյալ կերպ. ոչ միայն խոսենք ՀՀ օրենսդրության համապատասխանությանը միջազգային պրակտիկային, այլև՝ անդրադառնանք հիմնավորվածությանը: Դուք «Գազպրոմի» հարցը հիմնավորապես թաղել եք, բազմիցս հրապարակեցիք, որ հրաժարվում եք ուսումնասիրել պայմանագրերը, պայմանագրերի դրույթները, որոնք իրապես ձևավորում են նոր միջավայր: Ձեր համառությունը կարելի է բացատրել նրանով, որ ուղղակի չեք ցանկանում մտնել մի դաշտ, որտեղ շատ թույլ եք, պատասխան ժողովրդի առաջ չունեք: Եթե ձեր խնդիրը վախն է Ռուսաստանից, դուք վախենում եք բարձրացնել հարցեր, որոնք կարող են սրման պատճառ դառնալ ՌԴ-ի հետ հարաբերություններում, ես այդ բացատրությունները չեմ ընդունում: Թաղման գործում չորրորդ ներդրումը կապված է հետևյալ հնարքի հետ՝ դուք, փաստորեն, հարցերի մի բազմազանություն եք ստեղծել, որ կարողանաք լղոզել հանձնաժողովի գործունեության շեշտադրումները, կարողանաք թաղել այն հարցերը, որոնց բացահայտումը մեզ հետաքրքրում է ամենաշատը»:
Անդրադառնալով այն հարցին, որ ժամանակավոր հանձնաժողովը լինելու է դռնփակ, ոչ հրապարակային, ՀԱԿ խմբակցության ղեկավարն ասաց, թե իրականում ճշմարտության կոծկման հարցում սա ամենակարևոր հնարքն է, որը մեծամասնությունը փորձում է կիրառել: Մեջբերելով այն փաստարկները, թե հանձնաժողովի բաց աշխատանքը կարող է դառնալ քաղաքական շահարկումների առարկա, Լևոն Զուրաբյանը նկատեց.
«Դուք ասում եք, պարոն Հարությունյան, որ սա կարող է դառնալ շահարկումների առիթ, որ կարող են շոուներ լինել, շոումեններ առաջանալ, որոնք շատ սիրում են կամերաների առջև խոսել: Եթե այդ շոումենները լինեն ընդդիմությունից, եթե ընդդիմությունը զբաղվի այդ ամբողջ պրոցեսը շոուի վերածելով, ապա ընդդիմությունը շատ արագ կվարկաբեկվի, որովհետև, ի տարբերություն ձեզ, ես հավատում եմ մեր ժողովրդի դատողությանը, գիտեմ, որ ժողովուրդը կարող է տարանջատել շոումեններին պետական մտածողություն ունեցող գործիչներից: Եվ եթե ընդդիմությունը դիմի նման աճպարարության, ուրեմն ընդդիմությունը կվարկաբեկվի, պարզ կդառնա, որ իշխանությունը ճշմարիտ է: Իսկ եթե պրոբլեմն այն, որ իշխանությունը պիտի զբաղվի շոուներով, կներեք, դա արդեն մեր խնդիրը չէ, և ոչ մի բան չի խանգարում ձեզ շոուներով չզբաղվել: Այնպես որ, շոուների փաստարկն ինձ համար անընդունելի չէ»,- եզրափակեց նա: