Ռեանոմոբիլով Հայաստան տեղափոխված ազատամարտիկին փրկել չհաջողվեց
tesankyun.am-ը գրում է. Անցած ուրբաթ՝ փետրվարի 21-ին սահմանամերձ Կոթի գյուղում հուղարկավորեցին Ռուսաստանի Ռոստովի մարզի Վոլգոդոնսկ քաղաքում շինարարական աշխատանքներ կատարելիս վնասվածքներ ստացած Կոթի գյուղի 50-ամյա բնակիչ, ազատամարտիկ Աշոտ Հեպինյանին:
Ազբոշիֆերն ընկել է Աշոտի վրա, որի հետեւանքով նա բարձրությունից ընկնելով՝ բազմաթիվ վնասվածքներ է ստացել: Կոթիի սահմանները պաշտպանելիս աչքի ընկած Աշոտ Հեպինյանը այդ դեպքից հետո շուրջ մեկ ամիս բուժվել է Վոլգոդոնսկի հիվանդանոցում: Հետո նրա հարազատները հոգացել են Աշոտի Հայաստան տեղափոխման ծախսերը, Նոյեմբերյան քաղաքից Վոլգոդոնսկ է մեկնել ռեանոմոբիլ՝ բժշկական խմբով:
2013թ. նոյեմբերի 13-15-ը այդ մեքենան Աշոտին Հայաստան տեղափոխելու համար կտրել է շուրջ 2500 կմ ճանապարհ: Աշոտը բուժում էր ստանում Երեւանում, սակայն, ցավոք, նրա կյանքը փրկել չհաջողվեց: Իսկ փետրվարի 24-ին Կոթիում հուղարկավորեցին 41-ամյա Մաքսիմ Ջանվելյանին, ով Ռուսաստանում զոհվել էր ավտովթարից: