Ռուսաստանը մտադիր է սահմանափակել ուկրաինական արտադրանքի ներմուծումը
Ռոսսելխոզնադզորն անհանգստություն է հայտնել Ուկրաինայի պետական անասնաբուժական ծառայության անգործության առնչությամբ եւ չի բացառել, որ համապատասխան սահմանափակումներ կկիրառվեն: Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը չի բացառում, որ Ռուսաստանն ու Մաքսային միությունը կարող են ժամանակավորապես սահմանափակել Ուկրաինայից ներկրվող ռիսկային արտադրանքը, հաղորդում է Цензор.НЕТ –ը:
«Մենք բելառուսցի գործընկերների հետ մտահոգված ենք Ուկրաինայում ստեղծված իրավիճակով, եւ չենք բացառում, որ կարող ենք սահմանափակումներ կիրառել այդ երկրից անասնաբուժական եւ ֆիտոսանիտարական բարձր ռիսկայնություն ունեցող արտադրանքի նկատմամբ»,-հայտարարել է Դանկվերտը` ավելացնելով, որ սահմանափակումները կարող են վերաբերել նաեւ տարանցիկ փոխադրումներին:
Նրա խոսքով` ուկրաինացի փորձագետների աշխատանքի պայմանները մտահոգիչ են եւ նրանց գործունեության առումով կասկածներ են առաջացնում: Հատկապես որ երկրում արձանագրվել են խոզի աֆրիկյան ժանտախտի դեպքեր: Նա նշել է, որ ապրանքատեսակները, որոնց նկատմամբ սահմանափակումներ կկիրառվեն, կորոշվեն մոնիթորինգի արդյունքում: