«Իմ երեխաները ոչինչ չեն ուզելու. արդեն սովորել են, լավ ապրելը իրենց համար չէ»
asparez.am-ը գրում է. «Եկա տեսնեմ թախտը ջարդում է, որ վառարանը վառի, խիղճս տանջում է, բայց ինչ անեմ, մենք էլ հնարավորություն չունենք, էս յոթ երեխաները շորերով քնում են ու զարթնում»,-պատմում է Սվետլանա Սահակյանի հարեւանուհին:
Յոթ երեխաներին տիկին Սվետան միայնակ է մեծացնում: Նախկինում տնակում էին ապրում, ինքն աշխատում էր, անչափահաս երեխաներն էլ տանը մենակ էին մնում: Էլեկտրական լարերից տնակը հրդեհվել է, երեխաներից մեկը ներսում այրվել է: Հիմա ժամանակավորապես տեղափոխվել են Գորիսի նախկին նախակրթարանի շենք, որը համայնքային ենթակայության է, քարուքանդ վիճակում է: Ութ հոգանոց ընտանիքն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ՝ զուրկ կենցաղային պայմաններից:
«Երեխաներիս շորերը չեմ կարողանում լվանալ, ձեռքերս ցավում են, գիշեր-ցերեկ լվանում եմ, շորերը չեն հերիքում, տունը ցուրտ է, եղածն էլ չի չորանում: Հոսանքն անջատել են` գումարը չի հերիքում, փոքրս ցրտից էնքան լացեց, քնեց, ինչ անեմ. նպաստով յոթ երեխայի հացն էլ չեմ կարողանում հասցնեմ, հիմա շատ բան չեմ ուզում, գոնե մի մեշոկ ալյուր. երեխեքս սով են քաշում»,-ասում է Սվետլանան:
«Մենք խաղալիքներ չունենք, տիկնիկ եմ ուզել, որ գոնե Ձմեռ պապը բերի, բայց ինքն էլ մեր տուն չեկավ»-ասում է փոքրիկ Մարիամը: Դպրոցական պայուսակն է ցույց տալիս, երկու տետր է եւ սեւ մատիտով նկարած մի հնամաշ ալբոմ: Դպրոց է գնում առանց դասագրքերի:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: