Վահան Հովհաննիսյանը հանձնել է իր հավատարմագրերը
Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահան Հովհաննիսյանին ընդունել է երկրի նախագահ Յոահիմ Գաուկը՝ հավատարմագրերի հանձնման կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Ըստ հաղորդագրության ՝«Բելեվյու» նախագահական պալատում տեղի ունեցած առանձնազրույցի ժամանակ՝ նախագահ Գաուկը եւ դեսպան Հովհաննիսյանը քննարկել են երկու երկրների միջեւ ընթացող դինամիկ քաղաքական երկխոսության, միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման, գիտակրթական եւ մշակութային կապերի առավել զարգացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման եւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր:
Շնորհավորելով դեսպանին` նախագահ Գաուկը հույս է հայտնել, որ Վահան Հովհաննիսյանն իր փորձը եւ գիտելիքները կներդնի ի նպաստ հայ-գերմանական հարաբերությունների զարգացման: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՀՀ դեսպանը վստահեցրել է, որ ինքը ջանք չի խնայի երկկողմ հարաբերությունների խորացման եւ ամրապնդման ուղղությամբ: