Ոստիկանության Վարդենիսի բաժնի նախկին պետի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը
ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից կատարված ծառայողական քննության նյութերի, ինչպես նաև Ոստիկանության աշխատակիցներ Ք. Բ.-ի ու Վ. Ղ.-ի հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի և 309-րդ հոդվածի 1-ին մասերով 2013թ. դեկտեմբերի 30-ին հարուցվել էր քրեական գործ:
Հիշեցնենք, որ ըստ նյութերի` 2013թ. նոյեմբերի 19-ին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցներ Ք. Բ.-ին ու Վ. Ղ.-ին է դիմել Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ Մ. Ս.-ն և բանավոր հայտնել այն մասին, որ այդ գիշեր անհայտ անձը կրակել է իր տան վրա, հրազենի գնդակն, ապակին կոտրելով, մտել է ներս և մխրճվել ննջարանի պատի մեջ: Ք. Բ.-ն ու Վ. Ղ.-ն ոստիկանության բաժնի պետին անմիջապես զեկուցել են դեպքի մասին, վերջինս էլ հանձնարարել է առանց Մ. Ս.-ից հաղորդում ընդունելու` մեկնել դեպքի վայր, ճշտել մանրամասները:
Ոստիկանության աշխատակիցներն անձամբ են տեսել պատի վրա առկա հրազենային վնասվածքը, որից վերցրել են հրազենային գնդակը և զեկուցել իրենց կողմից պարզված հանգամանքների մասին:
Բաժնի պետը, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, ապօրինի ցուցում է տվել` Մ. Ս.-ից հաղորդում չընդունել, որով փաստորեն թաքցրել է հանցագործության դեպքը հաշվառումից:
Նշված քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնի նախկին պետ Կարեն Մելիքյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ Հատուկ քննչական ծառայություն