Բնապահպանության նախարարությունը բացահայտումներ է արել
Հայաստանի բնապահպանության նախարարության 10.02-21.02.2014թթ. ժամանակահատվածում իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, տեսչական վարույթին հանձնված գործերի քննության եւ տարեկան հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 850 հազար դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 15 որոշում եւ հաշվարկվել է 105.98 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես՝ Լոռու տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնված ապօրինի ծառահատման երկու գործով կայացվել է 100 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում եւ հաշվարկվել է 105.98 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման երեք գործով կայացվել է 150 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում:
Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման եւ ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնի աշխատակիցների համատեղ իրականացրած ստուգայցի արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում եւ առգրավվել է 13.45 կգ կենդանի խեցգետին, ինչը սահմանված կարգով բաց է թողնվել Սեւանա լիճ:
Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման եւ «Սեւան ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների համատեղ իրականացրած ստուգայցի արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 50 հազար դրամ. գումարի վարչական տուգանքի որոշում եւ առգրավվել է 5 կգ կենդանի խեցգետին, ինչը սահմանված կարգով բաց է թողնվել Սեւանա լիճ:
Տավուշի տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնված փայտանյութի ապօրինի տեղափոխման երկու գործով կայացվել է 200 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում:
Բնապահպանական եւ բնօգտագործման վճարի եռամսյակային եւ տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Սյունիքի եւ Շիրակի տարածքային ստորաբաժանումները երկուական տնտեսվարողի նկատմամբ կայացրել են 400 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի չորս որոշում:
Արմավիրի եւ Արարատի տարածքային ստորաբաժանումների կողմից մեկական տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշումներ:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.63 մլն դրամ գումար: