«Հայոց Արծիվները»` հանուն հայրենիքի
Հայ ժողովրդի ու հայոց պետականության պաշտպանունակության բարձրացումն ու ռազմահայրենասիրական դաստիարակությունը «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության գործունեության անկյունաքարն է ու գաղափարախոսական հենարանը: Դրա վառ ու խոսուն ապացույցներն են կազմակերպության գործունեությունը երկրի բոլոր մարզերում ու բնակավայրերում:
Երկար տարիների ծառայությունը հայոց բանակում ինձ հանգեցրել է այն մտքին, որ հայոց պետության ու հայրենիքի սահմանների պաշտպանությունն ամբողջովին թողնված է բանակի վրա, իսկ հասարակությունը հանդես է գալիս միայն դիտորդի ու քննադատողի դիրքերից: Իհարկե բանակը փայլուն է կատարում իր սահմանադրական պարտականությունը, որի վառ ապացույցներն են Արցախի ու Հայաստանի հուսալի պաշտպանվածությունը:
Չնայած պատմական պահի լրջությանը և Ադրբեջանի բացահայտ թշնամական քայլերին՝ հայ հասարակությունն այսօր զբաղված է գոյատևման խնդիրների պարզաբանմամբ և բանակը հիշվում է միայն այն դեպքերում, երբ ցավոտ ու մտահոգիչ կորուստներ ենք ունենում: Հայոց բանակն ունի հասարակության բոլոր անդամների ու կառույցների օգնության ու ուշադրության կարիքը: Մինչդեռ իրականում կուսակցություններն ու հասարակական կառույցները իրենց թղթային ու նվաստ գոյության մասին հիշեցնելու համար առանց համապատասխան ու համակողմանի վերլուծության քննադատում են բանակն ու հայրենիքի պաշտպաններին: Օգնելու, սատարելու կամ նպաստելու փոխարեն անվստահություն ու խուճապ են տարածում հասարակության մեջ:
Սակայն հայ ժողովուրդը մեր օրերում ազգասեր պասիոնար հայորդիների պակաս չունի և հազարավոր հայրենասերներ կանգնած են մարտնչող ու զենքը ձեռքին հայրենիք պաշտպանող սպաների ու զինվորների կողքին: «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը մեկն է փոքրաթիվ ազգային կառույցներից, որի բեղմնավոր ու արդյունավետ գործունեությունը բարձր է գնահատվում հասարակության կողմից:
Երբ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահն իր համախոհների հետ այցելում է առաջնագիծ ու հանդիպում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին, դրանով ոգեկոչում է նրանց, ամրացնում ոգին, ուժ ու կորով հաղորդում: Ցանկացած այցելություն մարտական դիրքեր հայրենանվեր արարք է, որը զինվորների մեջ սերմանում է հայրենիքի ուշադրության ու ժողովրդի հոգատարության գիտակցումը: Մեր ժողովուրդն ու պետական անկախությունը գոյություն ունեն քանի դեռ մեր սահմանին կանգնած է հայ զինվորը, մնացածը այդ փառավոր իրականության ածանցյալներն են: Նրանք ովքեր նպաստում են մեր բանակի հզորացմանը, նրանք կերտում ու պահպանում են մեր անկախությունն ու ժողովրդի ապագան:
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության գործունեության ակունքների հետ առնչվել եմ, երբ որպես առաջին բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, Սյունիքում տեղակայված զորամասերում, «Սյունյաց Արծիվներ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը ակտիվորեն մասնակցում էր համապետական ու բանակային տոներին: Խաչիկ Ասրյանը համապետական բոլոր տոները Սյունիքի բոլոր բնակավայրերում կազմակերպում էր մեծ շուքով ու դրանք դարձնում ուսանելի և սպասված:
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության ակունքները սկսում են 1991-1992 թվականներից, երբ Տաթևի ձորում Խաչիկ Ասրյանի ղեկավարությամբ կազմակերպվել էր «Գայլախմբեր» ուսումնական կենտրոնը, որտեղ Նժդեհյան գաղափարներով մարզվում ու դաստիարակվում էին հայ երիտասարդներ, որոնք Կոբրայի ու Բերդաձորի դիրքերում իրենց հրամանատարի հետ պաշտպանում էին Լաչինի մարդասիրական միջանցքը:
Եվ այսօր, երբ մեր իրականության ամենաբազմանդամ հասարակական կազմակերպությունը պատրաստվում է իր 3-րդ համագումարին, ես հպարտությամբ ու հավատով եմ սպասում այդ իրադարձությանը, որը նոր խոսք է լինելու հասարակական կյանքում, որովհետև նոր ժամանակները նոր խնդիրներ ու մարտահրավերներ են առաջադրել, որոնց լուծման ուղիները կտրվեն այդ համագումարում: Այդ համագումարը կնախանշի այն հեռահար նպատակները, որոնք կնպաստեն ռազմահայրենասիրական դաստիարակության առաջընթացին և պետականության գաղափարների էլ ավելի արմատավորմանը հասարակության շրջանում:
Արցախյան ազատամարտի մասնակից, պահեստազորի գնդապետ, պատմական գիտությունների թեկնածու Վոլոդիա Հովհաննիսյան