Եվրոպան ընդունում է Ուկրաինայի նոր իշխանություններին և բարեփոխումների կոչ է անում
Եվրոպան պատրաստ է աշխատել ուկրաինական նոր իշխանությունների հետ: «Մայիսի 25-ի նախագահական ընտրությունների մասին հայտարարությունը ողջունում ենք եւ այն շատ կարեւոր է»,-հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը, հաղորդում է ՈՒՆԻԱՆ գործակալությունը:
Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ հիմա արդեն ուկրաինացիները պետք է մտածեն իրենց ապագայի մասին: «Նոր կառավարությունը պահաջում է բարեփոխումների արմատական փաթեթ եւ արմատական միջազգային օգնություն: Պետք է առաջ շարժվել` ժամանակ չկորցնելով»,-նշել է նա:
ԵՄ անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնն էլ նշել է, որ ԵՄ-ն հույս ունի, որ ուկրաինացիները պատասխանատվություն կդրսեւորեն` հանուն միասնականության, ինքնիշխանության, անկախության եւ տարածքային ամբողջականության պաշտպանության: