
Ավակովը հայտարարել է, որ ՆԳՆ աշխատակիցների գործողությունների նկատմամբ հետաքննությունն արդեն սկսվել է

Սկսվել է Ուկրաինայի ՆԳ նախարարության եւ մարզային ՆԳ վարչությունների աշխատակիցների նկատմամբ հետաքննությունը` վերջին իրադարձությունների ժամանակ նրանց գործողությունների փաստով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ուկրաինայի Ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովը:
«ՆԳՆ կոլեգիան արձակվել է, նշանակվել է նորը: Ծառայողական քննություն է նշանակվել նախարարության եւ մարզային վարչությունների մի շարք աշխատակիցների գործողությունների նկատմամբ»,-գրել է նա:
Նա նաեւ տեղեկացրել է բողոքի ակցիաների ձերբակալված մասնակիցների ազատ արձակման մասին: «Որոշումներ են կայացվել վերջին երեք օրերին ձերբակալված բոլոր ցուցարարների (64 մարդ) ազատ արձակման վերաբերյալ»,-նշել է Ավակովը: