
Երկու մանկաբույժները՝ ամբաստանյալի աթոռին

Դատարան է ուղարկվել երկու բուժաշխատողների դեմ հարուցված քրեական գործը: Ինչպես տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից, քրեական գործ է հարուցվել 2 երիտասարդ՝ 28-ամյա կին մանկաբույժների դեմ: Նրանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ` լինելով Երևանի հիվանդանոցներից մեկի բոքսային բաժանմունքի մանկաբույժ, ոչ պատշաճ են կատարել մասնագիտական պարտականությունները՝ դրանց նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ:
Նրանց մեղադրանք է առաջադրվել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ (ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մաս):
Եթե դատարանն ապացուցված համարի նրանց մեղքը, ապա նրանց կարող է սպառնալ 2-6 տարի ժամկետով ազատազրկում: Բուժաշխատողների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: