Անդրիաս Ղուկասյան. ԱՄՆ դեսպանն իր առաջ խնդիր է դրել PR անել Կառավարությանը. tert.am

Tert.am-ի հետ զրույցում նախագահի նախկին թեկնածու, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն անդրադառնալով Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի՝ կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգին անցնելու անհրաժեշտության մասին հայտարարությանը, նշել է. «Եթե ԱՄՆ-ի դեսպանն անձամբ դրական է համարում կուտակային համակարգի ներդրումը, ապա ինքը կարող է անձնապես մասնակցել այդ համակարգին, և դա քարոզչության ամենալավագույն ձևը կլինի: Թե ինչու է նա Հայաստանում քարոզում Կառավարության գործառույթները, հասկանալի չէ»:

– Հայաստանում ԱՄՆ դեսպանը խոսելով Հայաստանում ներդրվող պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգի մասին նշեց, որ կենսաթոշակային բարեփոխումներն անհրաժեշտ են Հայաստանին: Ի՞նչ կասեք:

– Կարող եմ ասել, որ ինձ զարմացրեց այդ ելույթը, որովհետև, իմ կարծիքով՝ ԱՄՆ-ի դեսպանն այսօր ակնհայտորեն ցուցաբերեց իր, կարելի է ասել, անձնական շահագրգռվածությունը Հայաստանում ինչ-որ համակարգի վերաբերյալ: Կողք դնենք այդ հարցի ճիշտ կամ սխալ լինելը, բայց որևէ պետության դեսպանը, իմ կարծիքով, այն պաշտոնյան չէ, որը պետք է նման կարծիք արտահայտի: Եթե ԱՄՆ-ի դեսպանն անձամբ դրական է համարում կուտակային համակարգի ներդրումը, ապա ինքը կարող է անձնապես մասնակցել այդ համակարգին, և դա քարոզչության լավագույն ձևը կլինի: Թե ինչո”ւ է նա Հայաստանում քարոզում Կառավարության գործառույթները, հասկանալի չէ:

– Բայց չէ՞ որ նա ամերիկյան հարկատու է:

– Եթե ուսումնասիրեիք այդ օրենքը, կտեսնեիք, որ Հայաստանը նաև այլ պետությունների քաղաքացիներին ցանկություն ունի այդ պարտավորություններով ծանրաբեռնել: Եթե ԱՄՆ-ի դեսպանն իր առաջ խնդիր է դնում PR անել Կառավարության գործողությունները, ապա ճիշտ կլիներ, որ ինքը դա մատուցեր որպես իր անձնական ընտրություն: Բայց խորհուրդ տալ մարդկանց, որոնք ամսական 250 դոլարի չափ աշխատավարձ են ստանում, համակերպվել այն հանգամանքի հետ, որ այդ աշխատավարձի 1/3-ը պետք է տարբեր հարկատեսակներով գանձվի, դա, իմ կարծիքով, մի խնդիր է, որտեղ ԱՄՆ-ի կառավարությունը, կարծես թե, որևէ անելիք չունի:
-Ֆեյսբուքյան մի օգտատեր անդրադառնալով դեսպանի այդ կոչին, գրել է. « Հայկական ռադիոյին հարցնում են՝ ինչու Ամերիկայում հեղափոխություն չի լինում և քաղաքացիական պատերազմ վաղուց չի եղել, ռադիոն պատասխանում է. որովհետև Վաշինգտոնում ԱՄՆ դեսպանատուն չկա»:

– (Ծիծաղում է:- tert.am) Ինչ-որ տեղ ես հենց դա էլ նկատի ունեի, որ ԱՄՆ-ի դեսպանը ներքաշված է մի հարցում, որտեղ ԱՄՆ-ը կարծես թե պետք է չեզոք դիրք ունենա: Բայց տեսնում ենք, որ ցուցաբերում է շահագրգռված դիրքորոշում: Նաև տեսանելի է այն նույն երևույթը, որը կար և Սերժ Սարգսյանի ելույթում, այսինքն` ի սկզբանե պնդում է արվում, որ տվյալ որոշումն օրենսդրական է և դրանով ասվում է, որ ձևական է Սահմանադրական դատարանում գտնվող այդ հայցը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս