«Բաժանության մասին բամբասանքները սուտ են». երգչուհի Աիդա Սարգսյան. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը տարբեր հարցերի շուրջ զրուցել է երգչուհի Աիդա Սարգսյանի հետ, որից ներկայացնում ենք մի հատված.
– Հայտնի մարդկանց անվան շուրջ միշտ կան բամբասանքներ, պայքարո՞ւմ եք դրանց դեմ:
– Անիմաստ է պայքարելը… 1998 թվականին, երբ իմ առաջին տեսահոլովակը ցուցադրվեց եթերում, այն ժամանակ բավականին փոքր էի, կադրերում մի բալիկ կար, իբրև թե իմ երեխան էր: Դրանից հետո լուրեր տարածվեցին, թե դա իմ երեխան է, իբրև թե ամուսնացած եմ, հետո սկսեցին խոսել, թե ամուսնացած-բաժանված եմ, 3 երեխա ունեմ, մի խոսքով` անհեթեթ ստեր, բամբասանքներ: Երբ նոր էի հանդիպում ապագա ամուսնուս հետ, թերթերից մեկն իմ ծննդյան նկարներն էր հրապարակել և նշել, իբրև թե հարցազրույցի ժամանակ ես չեմ ցանկացել նշել ընտրյալիս անունը, և նմանատիպ ճղճիմ հոդվածների պատճառով ես, նոր գտած լինելով իմ կեսին, արդեն կորցնում էի: Բարձրաձայնեցի այդ մասին, ներողություն խնդրեցին, բայց, ախր, այդպես չի կարելի վարվել: Հարցն այն է, որ իմ ամուսինը չի սիրում երևալ եթերներում, կամ նկարները լինեն թերթերում, հո չե՞մ ստիպելու իրեն: Մի ժամանակ պատասխանում էի այդ անտեղի բամբասանքներին, հետո հասկացա, որ դա ավելի վատ է, թեմա եմ տալիս այդ մարդկանց, իսկ հիմա ավելի հետաքրքիր բաների մասին եմ մտածում, լավ բալիկ ունեմ, երջանիկ եմ, նոր երգեր եմ պատրաստում: Ի դեպ, մի նոր, հրաշալի երգ ունեմ Հայր Կոմիտասից և շուտով այդ և այլ երգերով կներկայանամ, կլինի նոր տեսահոլովակ: Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում: