«Ցավում եմ, որ «քար ա, մանրից գլորում ենք» սկզբունքը արդիական է մնում հայոց վաստակավոր ընդդիմության համար». Մարգարիտ Եսայան
ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է կատարել.
«Երբ այլ ճար ու հնար չի լինում, մեկ էլ ,մեր ընդդիմադիր որոշ ընկերներ պեղում են ինչ-որ մեկին եւ հետը զրույց են անում: Ասեմ, որ եթե հանրությանը միայն որոշակի դեպքերով հայտնի տիկին Թադեւոսյանը չի ուզում հիշել, կամ «մոռանում է» երկրի նախագահի որեւէ նախընտրական խոստումի կատարում, որոնք , ի դեպ, մշտապես լինում են պետական ծրագրեր, ուզես-չուզես` զարմանում ես, քանի որ նախ` երկրի նախագահի խոստումները, որոնք այո, տրվում են նախընտրական շրջանում եւ որոնք կատարվում են նախագահի պաշտոնավարման ամբողջ ընթացքում, տեսնում են այն մարդիկ, ովքեր տարիներ ի վեր բնակվում են, օրինակ, նախագահի նախընտրական խոստումներից մեկի շնորհիվ կառուցված բազմահարկ շենքերում, ովքեր շուտով կապրեն այն նոր բնակարաններում, որոնք կառուցվելու են վթարային շենքերում ապրողների համար…Թվարկումը իմ բուն նպատակը չի, որովհետեւ, կարեւորը փաստն է, ավելի ճիշտ`փաստերը չտեսնելու պատվիրված համառությունը եւ, համառ ընդդիմադիր-ությունը: Ի դեպ, նախագահները, որպես կանոն, մասնավոր խոստումներ չեն տալիս, որովհետեւ պաշտոնի բերումով նրանք մասնավոր անձ չեն, իսկ եթե որոշ նախկին նախագահներ եւ նախագահի նախկին թեկնածուներ մասնավոր խոստումներ են տվել տիկնոջը եւ չեն կատարել, դա իրենց պրոբլեմն է: Խորապես ցավում եմ, որ այսօր էլ արդիական է մնում «քար ա, մանրից գլորում ենք» սկզբունքը հայոց վաստակավոր ընդդիմության համար»: