Վահե Էնֆիաջյանը՝ Էդուարդ Շարմազանովին. Խորհուրդ բոլոր զարմացածներին
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին.
«Երեկ Աժ փոխխոսնակ Շարմազանովը զարմանք էր ապրել ու կիսվել մտահոգություններով լրագրողների հետ: Խորհուրդ բոլոր զարմացածներին.
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի յուրաքանչյուր որոշում կայացվում է հասարակության հետ շփման ու մտքերի փոխանակման արդյունքում, որից հետո ԲՀԿ-ն արտահայտում է իր կարծիքն ու հստակ գործողություններով ամեն անգամ ապացուցում, որ մեր խոսքը միշտ է գործ: Հետևաբար, իշխանական շահերին դեմ և ժողովրդի ցանկությունն արտահայտող մեր գործողությունները պետք է գտնվեն քաղաքական որոշ գործիչների ուշադրության ներքո:
Այդ նույն իշխանական բուրգի տարբեր տրամաչափի գործիչներ, եթե կկարողանան, թող դուրս գան փողոց և հարցնեն, թե ինչ է մտածում իրենց մասին ժողովուրդը` հայ քաղաքացին, և դրանից հետո խոսեն ժողովրդի հոգսերի ու բարեկեցության մասին:
Իսկ մեկնաբանություններ կամ արտահայտություններ անող իշխանական տարբեր գործիչները պետք է գիտակցեն, որ յուրաքանչյուր խոսքի, ասված յուրաքանչյուր բառի ու տառի համար պատասխան են տալիս ժողովրդի առաջ:
Պատահական չէ, որ նման գործիչները սեփական կուրացիայի տակ գտնվող լրատվամիջոցների առկայությամբ և ամբիոնների ետևից են արտահայտում իրենց կարծիքը:
Բայց ոչ երբեք բաց ու թափանցիկ, ժողովրդի հետ անմիջական զրույցների և քննարկումների ժամանակ, ինչպես իր հիմնադրման օրվանից անում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ու նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանը»: