
Երևանի 2013թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախագիծը կներկայացվի ավագանու քննարկմանը

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստ: Նիստը վարող քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, նախքան օրակարգային հարցերին անցնելը, խորհրդի անդամներին ներկայացրել է խորհրդի կազմը համալրած նոր անդամին, ով խորհրդի կազմում ընդգրկվելու համար, համաձայն Երևանի քաղաքապետարանի ս/թ. փետրվարի 10-ի հայտարարության, ներկայացրել էր համապատասխան դիմում:
Նիստի շրջանակում խորհրդի անդամների քննարկմանն ու հաստատմանն է ներկայացվել Երևանի 2013 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախագիծը սահմանված կարգով Երևանի ավագանու քննարկմանը ներկայացնելու հարցը:
Վահե Նիկոյանը ներկայացրել է հաշվետվության նախագծի վերաբերյալ օրենքով սահմանված կարգով հանրային բաց լսումների եղանակով կազմակերպված հանրային քննարկման արդյունքները: Քաղաքապետի տեղակալը նաև ընդգծել է, որ հաշվետվությանը վերաբերող որևէ առաջարկ ներկայացված չլինելու պատճառով հաշվետվության նախագծում փոփոխություններ չեն կատարվել:
Խորհրդի անդամները միաձայն կողմ քվեարկությամբ որոշել են «Երևան քաղաքի 2013 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության մասին» Երևանի ավագանու որոշման նախագիծը առանց փոփոխությունների, սահմանված կարգով ներկայացնել ավագանու քննարկմանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն