ԼՂՀ Հադրութի և Ֆրանսիայի Վիեն քաղաքների միջև ստորագրվել է Բարեկամության հռչակագիր
Փետրվարի 21-ին Lեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութ և Ֆրանսիայի Վիեն քաղաքների միջև ստորագրվել է Բարեկամության հռչակագիր։ Ստորագրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Վիենի քաղաքապետարանում։
Հադրութ քաղաքի անունից հռչակագիրը ստորագրել է աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, Վիեն քաղաքի անունից՝ քաղաքապետ Ժակ Ռեմիլյեն։
Հռչակագիրը ողջունում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և իշխանությունների հետևողական քայլերը՝ ուղղված ազատ և ժողովրդավարական հասարակություն ստեղծելուն ու զարգացնելուն, և անընդունելի է համարում Արցախի ժողովրդի մեկուսացումը։ Այն նպատակ ունի զարգացնել երկու քաղաքների միջև բարեկամական կապերը և խրախուսել համագործակցությունը կրթության, մշակույթի, սպորտի և մի շարք այլ բնագավառներում:
2013 թ. բարեկամական կապեր են հաստատվել նաև ԼՂՀ Մարտունի և Ֆրանսիայի Լե-Պեն-Միրաբո քաղաքների միջև. տեղի են ունեցել փոխայցելություններ, քննարկվում են քաղաքների միջև համագործակցության զարգացման ուղիներն ու ձևերը։