Խաղողագործության զարգացման ռազմավարության քննարկում՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը խորհրդակցության էր հրավիրել հանրապետության ճանաչված խաղողագործների, գինեգործների, գիտնականների՝ քննարկելու ՀՀ խաղողագործության զարգացման  ռազմավարությունը:

Խաղողագործությունը և գինեգործությունը Հայաստանի ագրոպարենային ոլորտի առաջատար ճյուղերից են: Եվ չնայած վերջին տարիներին իրականացված բազմաբնույթ և մեծածավալ աշխատանքների շնորհիվ նկատվել են խաղողի արտադրության վերականգնման և գինեգործության զարգացման միտումներ, սակայն ոլորտը համակարգված մոտեցում և զարգացման նոր ռազավարություն է պահանջում:

Քննարկվող փաստաթուղթը նշված անհրաժեշտությանն արձագանքելու կարևոր քայլերից է և նպատակ ունի սահմանել խաղողագործության և գինեգործության զարգացման հիմնական ուղղությունները, հստակեցնել պետական աջակցության մեխանիզմները և դրա արդյունքում նպաստել խաղողի արտադրության և վերամշակման ծավալների ավելացմանն ու ճյուղի տնտեսական արդյունավետության բարձրացմանը:

Ծավալված շահագրգիռ քննարկման արդյունքում, մասնակիցները նոր ռազմավարության համար օրախնդիր համարեցին երկու կարևոր հանգամանք՝  իրավական դաշտի և որակի վերահսկման համակարգի բարելավում և ֆիլոքսերայի դեմ տարվող պայքարի անհետաձգելի միջոցառումների իրականացում:

Մասնակիցների կարծիքով՝ ծրագիրը հաջողված փաստաթուղթ է, սակայն այն վերջնական տեսքի բերելու համար անհրաժեշտ է ընթացք տալ կամ պատասխաններ գտնել մի շարք կարևոր հարցերի՝

– Խաղողի այգիների անհապաղ գույքագրում:

– Օրենսդրական համապատասխան փոփոխությունների առաջարկի նախագծի և ռազմավարությամբ նախատեսված ծրագրերի իրականացմանն անհրաժեշտ այգետարածքների ծավալների ու սորտերի տեսակային կազմի  պահանջարկի ճշգրտում ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի ազգային ագրարարային համալսարանի և Գինեգործների միության կողմից:

– Ֆիլոքսերայի դեմ պայքարի միջոցառումների ակտիվացում և ֆիլոքսերադիմացկուն արմատակալների ֆոնդի ստեղծում:

– Խաղողի կոլեկցիոն այգու ստեղծում, ուր պետք է կենտրոնացնել բոլոր աբորիգեն սորտերը:

– Ռազմավարության իրականացման ֆինանսական  աղբյուրների ճշգրտում:

 ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս