Բաժիններ՝

Ո՞ւր է անհետանում երեխաների համար նախատեսված անվճար դեղորայքը. Ծնողներն անտեղյակ են, բժիշկները` զարմացած. medialab.am

medialab.am-ը գրում է. ՀՀ կառավարության 2006թ. նոյեմբերի 23-ի 1717-Ն որոշման համաձայն ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատությունների կողմից մինչև յոթ տարեկան երեխաներին դեղերը հատկացվում են անվճար:

Այս մասին տեղեկացնող ցուցանակները, օրենսդրական ակտերի պատճենները պետք է որ փակցված լինեն մանկական բոլոր պոլիկլինիկաներում բնակչության համար առավել տեսանելի վայրերում, որոնց միջոցով Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է մինչև յոթ տարեկան երեխաների ծնողներին անվճար դեղեր ստանալու իրավունքի մասին:

Որոշումը կարելի է գտնել նաև նախարարության կայքէջում, բայց ինչպես ցույց են տալիս բազմաթիվ անտեղյակ ծնողների բողոքները, միջոցներից և ոչ մեկն արդյունավետ չէ. կամ չկա կամ հասանելի չէ:

«Ես առաջին անգամ եմ նման բան լսում,- «Մեդիալաբին» զարմանքով պատասխանում է Տաթևիկ Սարգսյանը,- երկու պոլիկլինիկա ենք փոխել, և այդքան հիվանդությունների ժամանակ էլ երկու բժիշկներից ոչ մեկը ոչ մի բան չի ասել»:

Ինչպես նշվում է «Մեդիալաբի» հարցմանը ի պատասխան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության նամակում. «Նշված գործընթացի արդյունավետ կազմակերպման համար պատասխանատու են մասնակից բոլոր օղակները՝ իրենց իրավասության սահմաններում»:

Փաստորեն իրազեկման գործընթացն ապահովելու պատասխանատվություն կրում են բոլորը` բուժքույրից մինչև գլխավոր բժիշկ, բայց վերահսկողություն որպես այդպիսին այնուամենայնիվ չի իրականացվում: Անտեղյակ ծնողները կամ կստանան դեղորայքը կամ ոչ` կախված է բժշկի բարեխղճությունից կամ բուժհաստատության «մշակած քաղաքականությունից»:

«Ես չգիտեի այդ օրենքի մասին, բայց մեր հերթական այցի ժամանակ, երբ բժիշկը դեղեր նշանակեց ու ամուսինս պատրաստվում էր դեղատոմսով գնալ դեղատուն, բժիշկն ասաց, որ պետք չէ դեղատուն գնալ, որ իրենք ունեն այդ դեղերը և տալիս են անվճար»,- ասում է Յանա Կոստանդյանը:

Շատ դեպքերում էլ բժիշկները նախընտրում են լռել, և անտեղյակ ծնողները հիվանդ երեխայի համար անհրաժեշտ դեղորայքը գնում են դեղատներից, իսկ մանկական դեղորայքը բավականին թանկ արժե:

«Յուրաքանչյուր տեղամասային բժիշկ պարտավոր է տեղեկացնել ծնողին առկա դեղերի մասին, որպեսզի երեխայի հիվանդության դեպքում հնարավոր լինի վերցնել դրանք, եթե պետությունը տրամադրում է, ինչու պետք է ծնողը վճարի դրա համար,- «Մեդիալաբին» ասում է մանկական բուժքույրերից մեկը, ով չցանկացավ ներկայանալ,- բայց դեղերի քանակն այնքան քիչ է, պատկերացրեք` ինչ կլինի, եթե բոլորը իմանան այդ մասին ու սկսեն պահանջել»:

Անի Եղիազարյան
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս