Բաժիններ՝

7-ամյա Մերին Հայաստանում փորձել է բոլոր հնարավոր դեղամիջոցները, բայց նրա վիճակը գնալով վատանում է

Մերի Թոփսակալյանը 7 տարեկան է: Աղջիկն ամեն օր գրեթե անդադար տարօրինակ ցնցումներ է ունենում: Դրանք սկսվում են ոտքից, հետո անցնում ձեռքին եւ մարմնի ձախ հատվածին: Երբեմն ցնցումներն ընդգրկում են Մերիի ամբողջ մարմինը, եւ նա կորցնում է գիտակցությունը:

Երբ սկսվում են ցնցումները, Մերին վախեցած իր վրա նայող ու լացող մորը փորձում է հանգստացնել՝ ասելով. «Անցավ, անցավ, մի վախեցիր»:

Մերիի բուժող բժշկի՝ «Արաբկիր» բժշկական կենտրոնի էպիլեպտոլոգիական ծառայության ղեկավար Նունե Աղաբաբյանի խոսքով՝ բոլոր հետազոտությունները, որոնք հնարավոր է անել Հայաստանում, արվել են: Բժիշկները նաև Մերիի ստուգումների արդյունքներն ու նրա մասին տեղեկությունն արդեն ուղարկել են արտասահմանյան առաջատար կլինիկաների իրենց գործընկերներին: Վերջնական ախտորոշում առայժմ չկա, բայց երկու վարկած կա՝ Ռասմուսսենի Էնցեֆալիտ եւ գլխուղեղի զարգացման ի ծնե անոմալիա: Բժիշկը բացատրեց, որ այս վարկածները հաստատելու կամ հերքելու համար անհրաժեշտ կլինի մի շարք հետազոտություններ անել, որոնք Հայաստանում դեռեւս չեն անում եւ որոնց համար պետք կլինի արտասահման մեկնել: Իսկ եթե հաստատվի Ռասմուսսենի Էնցեֆալիտ ախտորոշումը, աղջիկը վիրահատության կարիք կունենա:

«Մենք նրան օգնելու համար անում ենք ամեն ինչ, մենք փորձել ենք նույնիսկ ամենաանհավանական դեղերը, Հայաստանում գոյություն ունեցող ջղաձգության դեմ բոլոր դեղերը եւ նույնիսկ այնպիսիք, որոնցից Հայաստանում չկա»,- ասաց բժիշկ Աղաբաբյանը:

Հենց հիմա աղջիկը 3 տարբեր հաբ է ընդունում, բայց ցնցումները չեն դադարում: Սակայն այդ դեղերի օգտագործումը դադարեցնել չի կարելի, հակառակ դեպքում ավելի հաճախ կլինեն նոպաները, որոնք ոչ միայն խանգարում են շարժման ակտիվությանը, այլեւ բացասաբար կանդրադառնան աղջկա ուղեղի և մտավոր ունակությունների վրա: Բժշկի խոսքով՝ Մերին արդեն շարժական դեֆիցիտ ունի՝ նա արդեն 3 ամիս չի քայլում, գամված է սայլակին:

Բժիշկ Աղաբաբյանը Մերիին առաջին անգամ տեսել է 2013-ի մայիսին: Այդ ժամանակ նա 6.5 տարեկան է եղել, լրիվ առողջ երեխա, հանկարծ կորցրել է գիտակցությունը: Աղջկան զննել են, բայց ոչ մի նյարդաբանական խնդիր չեն հայտնաբերել: Հաջորդ անգամ Մերիին հիվանդանոց են բերել հունիսին: Առաջին զննությունից ընդամենը 2 ամիս հետո սկսվել են նրա նոպաները: Սկզբում աջ աչքի թրթռոց է եղել, հետո ցնցումներն անցել են ձեռքին, ոտքին, տարածվել են ամբողջ մարմնով եւ սկսել են հանգեցնել գիտակցության կորստի: «1.5-2 ամսում աղջկա վիճակը ծայրահեղ վատացել է»,- ասաց բժիշկը:

«Նրա ուղեղագրությունը եւս փոխվում է։ Եթե առաջին անգամ երեխան ոչ մի խնդիր չուներ, 2 ամիս անց նրա ուղեղի աշխատանքն անճանաչելի էր: Իհարկե, դրանից տուժում են նրա մտավոր ունակությունները, վարքը, քանի որ ցնցումները պարզապես չեն դադարում»,- ասաց բժիշկը:

Նունե Աբգարյանի խոսքով՝ Մերիին դեռ հնարավոր է օգնել, բայց արտասահմանում: «Ժամանակը շատ քիչ է, եւ ամեն օրը կարևոր է»,- ասաց բժիշկը:

Պետք է աղջկան Գերմանիա տանել, այնտեղ էպիլեպտիկ եւ նյարդավիրաբուժական լավ կենտրոն կա, որտեղ կարող են ախտորոշել եւ անհրաժեշտության դեպքում անմիջապես վիրահատել: Բայց դրա համար գումար է պետք, որը, ցավոք, Մերիի ընտանիքը չունի: Մասնագետների գնահատմամբ՝ անհրաժեշտ է մոտ 50 000 եվրո:

Աղջկա հարազատները եւ նրա բժիշկն օգնություն են խնդրում. «Եթե յուրաքանչյուրը, ով կկարողանա, թեկուզ փոքր գումար նվիրաբերի, կարող է իմանալ, որ  փրկել է լավ, գեղեցիկ ու խելացի աղջկա կյանք: Նրան դեռ հնարավոր է օգնել»:

«Նույնիսկ հիմա, լինելով այս վիճակում, երբ մի ձեռքը գրեթե չի աշխատում, նա, չնայած ցնցումներին, եւ գրում է, եւ կարդում, եւ հաշվում: Նա շատ յուրահատուկ աղջիկ է»,- ասաց Նունե Աղաբաբյանը:

Մերիին օգնել ցանկացողները կարող են կատարել իրենց փոխանցումները հետեւյալ հաշվեհամարներով

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»

AMD 220301196139000

USD 220301740126001

(Թոփսակալյան Համբարձում)

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս