Ոստիկանները վնասազերծել են բնակարանային գողերին
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Մեծամորի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Գայի պողոտայից, գողություններ կատարելու կասկածանքով, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Արթուր Պ.-ին, 1977 թ. ծնված, նախկինում 3 անգամ դատված Հայկ Ս.-ին և ավտոմեքենայի վարորդ, 1981 թ. ծնված, նախկինում 4 անգամ դատված Աշոտ Բ.-ին:
Արթուր Պ.-ն և Հայկ Ս.-ն խոստովանել են, որ փետրվարի 18-ին, ժամը 13.00-ի սահմաններում, հարմարեցված բանալիով Երևան քաղաքի Նորքի 7-րդ զանգվածի 44 շենքի բնակարաններից մեկի դուռը բացելով` գողացել են «Նոութ-բուք» համակարգիչ:
Գողոնն առգրավված է:
Հայկ Ս.-ի մոտից հայտնաբերվել են բանալիներ և մետաղաձողեր, որոնք հարմարեցված են եղել փականներ բացելու համար, իսկ Արթուր Պ.-ի մոտից` գաղտնի փականով ծալովի դանակ, որն ուղարկվել է փորձաքննության:
Արթուր Պ.-ն և Հայկ Ս.-ն խոստովանել են նաև, որ իրենք Երևան քաղաքում կատարել են մի շարք գողություններ և գողության փորձեր, որոնք իրենց կամքից անկախ պատճառներով չեն կարողացել հասցնել ավարտին:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Նոր Նորքի բաժին: