Տնօրեննե՛ր, զգուշացեք, ՀՀ-ում օրենքները երբեմն գործում են
Մարզպետեր ու քաղաքապետեր, դուք էլ զգուշացեք, քանզի դպրոցի տնօրենի բարոյական կերպարը հասարակություն կրթելու համար ավելի կարևոր է, քան ոմանց իշխանությանը հավատարիմ ծառայելու կեղծ երդումները:
Մեր երկրում, որտեղ Սահմանադրությունն ու օրենքները հաճախ հարմարեցվում են նույնիսկ հանցագործներին, պատկերացրեք, վերջապես գործեց նորին մեծություն Օրենքը: Նկատի ունեմ Երևանի թ.27 հիմնական դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, որն ավարտվեց ոչ միայն այդ տնօրենի դատապարտմամբ, հետևաբար աշխատանքից ազատմամբ, այլև գործեց «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետը, ըստ որի՝ մանկավարժական աշխատողի պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի այն անձը, որը դատապարտվել է հանցագործության համար և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ: Արդյունքում նախկին տնօրենն ազատվեց նաև ուսուցչի պաշտոնից, իսկ Շենգավիթ վարչական շրջանի դատախազի միջնորդության մեջ արված դիտարկումն էլ վերաբերում է Երևանի քաղաքապետարանին. «Ս.Սարգսյանի կողմից թույլ տրված խախտումներն ու բացթողումները վկայում են այն մասին, որ տնօրենի պարտականությունների ճշգրիտ, ժամանակին կատարման նկատմամբ իրականացվող հսկողությունը թույլ հիմքերի վրա է դրված»: Այսպիսով, վերոնշյալ նախադեպով բոլոր դպրոցների այն տնօրենները, ովքեր.
• անարդար ու անօրեն կերպով աշխատանքից ազատում են այն ուսուցիչներին, ում կարիքն աշակերտներն ավելի ունեն, քան նման տնօրենի,
• պետական բյուջեով դպրոցին հատկացված կրթության գումարներից 2մլն 212 հազար դրամով իրենց տան համար գույք են գնում, իսկ ուսուցիչներին վերապատրաստելու գումար չեն տրամադրում,
• դպրոցի տարիֆիկացիոն ցուցակներում ունեն «մեռած հոգիներ» և առանց ամաչելու նրանց աշխատավարձերն իրենք են ստանում, հետո էլ նեղանում են, թե կառավարությունն ինչու է պահանջում կրճատել դպրոցներում սպասարկող անձնակազմի թիվը,
• հավելագրում են դպրոցում սովորող աշակերտների թիվն ու բյուջեից ավելի գումար շորթում, որպեզսի իրենց տան համար գույք գնեն,
• անարդար կերպով կրճատված ուսուցչին անամոթաբար առաջարկում են դպրոցի հավաքարարի կամ պահակի հաստիքը, իսկ օրինակելի ուսուցչի առջև պահակի միջոցով փակում են դպրոցի դուռն ու ասում, որ «անգամ զուգարանում չեմ թողնի աշխատես»,
• մանկատանն ապրող կույր երեխային որդեգրելու համար դպրոցում աշխատող ուսուցչուհուն բնութագիր չեն տալիս,
• իրենց համարելով քաղաքապետի կամ մարզպետի յուրային՝ կեղծիքով ծննդյան շնորհավորանք են կորզում,
• դպրոցի ՊՈԱԿ-ի կնիքն օգտագործում են իրենց արկածախնդիր գործարքների համար,
պատժվելու են ՀՀ օրենքի տառին ու ոգուն համապատասխան: Նմաններին պատժելու համար անհրաժեշտ է, որպեսզի իրենց վաստակն ու արժեքը գիտեցող ուսուցիչները չհանդուրժեն նրանց, ինչպես եղավ վերոնշյալ դպրոցում: Անհրաժեշտ է, որպեսզի դպրոցում աշխատեն միայն այն մանկավարժները, ովքեր իրենց մանկավարժական, մասնագիտական որակներում համոզված` մինչև վերջ պաշտպանեն իրենց իրավունքներն ու քաղաքացիական պարտքի զգացում ունենան աշակերտների նկատմամբ և օրինակ ծառայեն, թե ինչպես պետք է պայքարել արժանապատիվ ապրելու համար:
Անահիտ Բախշյան