Բանավեճ Նիկոլ Փաշինյանի և Արտաշես Գեղամյանի միջև

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հետարքրքում է, թե ինչպե՞ս է ազդել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մեծ աղմուկ բարձրացրած ատենախոսության պաշտպանությունը Հայաստանի բուհական համակարգի իմիջի վրա: Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում, որի ժամանակ պետք է քննարկվեր, 2013 թվականի հունիսի 24-ին Ամմանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագիրը, Ն. Փաշինյանն ասաց, թե համաձայնագիրը վերաբերում է բուհական համակարգին, փոխադարձ հարաբերություններին, և այս առումով շատ կարևոր է Հայաստանի բուհական համակարգի իմիջը:
«Մենք վերջին տարիներին շատ լուրջ պրոբլեմներ ենք ունեցել Հայաստանի բուհական համակարգի իմիջի հետ, և տվյալ դեպքում ես ուզում եմ խոսել միջադեպի մասին, երբ տեղի ունեցավ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի այսպես կոչված ատենախոսության պաշտպանությունը, բայց տպավորություն տեղծվեց, որ դա ոչ թե ատենախոսության, այլ՝ ինչ-որ գաղտնի օպերացիայի պաշտպանություն է: Տնտեսագիտական հալասարանի ուսանողներն ու ռեկտորը բացահայտորեն այդ ժամանակ գնացին խուլիգանական քայլերի՝ հայհոյանքներ թույլ տալով լրագրողների հասցեին և կոպտորեն խախտելով հանրության իրավունքը՝ ստանալու ամբողջական տեղեկատվություն, թե Երևանի քաղաքապետն էդ ինչի՞ հաշվին ա պաշտպանում թեկնածուական ատենախոսություն»,- ասաց Ն. Փաշինյանը:
Նա հետաքրքրվեց, թե այս միջադեպի արդյունքում արդյոք կրթության և գիտության նախարարությունը, ԿԳ նախարարը՝ որպես տնտեսագիտական համալսարանի կառավարման խորհրդի անդամ, միջոցներ ձեռնարկե՞լ է պատժելու այդ գործողությունների անմիջական մասնակցներին, մասնավորապես՝ բուհի ռեկտորին, ով կառավարում էր այդ ամենը:
«Հարցն ավելի է ահագնանում, երբ իմանում ենք, որ Հանրապետականները դուրս են եկել փողոցներ և անգամ գիտական աստիճան ունեցող մարդիկ ներքաշվում են փողոցային միջադեպերի մեջ և սահմանափակում են մարդկանց սահմանադրական իրավունքները՝ թույլ տալով խուլիգանական գործողություններ: Ինչպե՞ս են ազդում նման միջադեպերը ՀՀ բուհական համակարգի վրա»,- հարցրեց Փաշինյանը:
Հարցի քննարկումը թեժացավ, երբ ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանի և Նիկոլ Փաշինյանի միջև բանավեճ ծավալվեց: Գեղամյանը ընդհահեց Փաշինյանին՝ հեգնելով. «Խնդրում եմ այս ամենը ներկայացնել պայմանագրի լույսի ներքո»: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ կատակելով հարցրեց, թե արդյոք այս միջադեպի մասին տեղյակ պահվե՞լ է Հաշիմյան Թագավորությունը:
Նիկոլ Փաշինյանն էլ, դիմելով պատգամավորներին խնդրեց, ուշադիր լսել իր խոսքերը. «Հենց սկզբից ես հիմնավորեցի կապը թեմայի հետ, և եթե անհրաժեշտ է, կարող եմ հավելյալ հիմնավորել»:
Գեղամյանն էլ շարունակեց հեգնել՝ նշելով. «Կարևորը դուք պատկերացում ունեք, որ դա անմիջապես կապված է թեմային», ապա Գեղամյանը ասաց. «Հարգելի պարոն Փաշինյան, ձեր մակերեսային դատողությունները մեր վզով մի փաթաթեք, ձեզ էլ իրավունք մի վերապահեք շեղել մեզ հարցի բուն քննարկումից»:
Փաշինյանն էլ նետեց. «Ես հույս ունեմ, որ այդ թեման ձեր հերթական գրքի մեջ անպայման կարծարծեք»: Գեղամյանն էլ ասաց, թե ինքը իր գրքում շատ ավելի լուրջ թեմաների է անդրադառնում և շատ ավելի լուրջ ընթերցողի համար է հաշվարկված:
Ն. Փաշինյանի փաստարկներին Կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը պատասխանեց, թե իմիջի վրա ազդեցությունը կարող է պարզվել միայն հաջորդ տարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս