Հրայր Թովմասյանը մեկնաբանում է «ղալլաթ» բառի իմաստը

«Եթե այդ մարդիկ նման նախաձեռնությամբ են հանդես եկել, ուրեմն կարծում են, որ այդ հանձնաժողովի անհրաժեշտությունը կա, և ես չեմ կարող իրենց կարծիքին դեմ ինչ-որ բան ասել»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն՝ ի պատասխան այն հարցի, թե ինչպե՞ս է նա վերաբերվում Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խմբակցության նախաձեռնությանը: «Բայց, իմ կարծիքով, այդ ժամանակ ես չեմ եղել նախարար, նախորդ հանձնաժողովը փորձել է, ինչ հնարավոր էր՝ այդ ամբողջը կատարվել է: Ես ուզում եմ հավատալ, որ այդ մարդիկ ազնիվ են իրենց այս ցանկություններում, որ կան խնդիրներ, որոնք պետք է պարզաբանվեն, որոնք, առաջին հերթին, պետք է բացառեն երբևէ երկրում նման դեպքերի կայացումը: Ավել բան չեմ կարող ասել, որովհետև ես ի պաշտոնե չեմ մասնակցել նախորդ հանձնաժողովների աշխատանքներին»,- ասաց նախարարը: 168.am-ի հետ զրույցում Հրայր Թովմայանն, անդրադառնալով ոչ իշխանական չորս խմբակցությունների՝ կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությանը, ասել էր, թե նրանք «ղալլաթ են անում»: Հարցին, թե այս անգա՞մ էլ ոչ իշխանական չորս ուժերը «ղալլաթ են անում», երբ սատարում են ՀԱԿ-ի նախաձեռնությունը և այն մտցնելու են այս քառօրյա, Հ. Թովմասյանը բացատրեց. «Որպես լրագրողներ՝ ձեզ խորհուրդ կտայի մինչև այդ հարցը տալը էքսկուրս անել, վերցնել հայերեն բոլոր բառարանները, և տեսնել, թե ի՞նչ է նշանակում ղալլաթ: Դա իրենց կարծիքն է, ի՞նչ իրենց կարծիքին դեմ գնամ: Իրենց կարծիքն է և կարող են իրենք անել»: Դիտարկմանը, թե կառավարությանն անվսատահությունն հայտնելը ևս իրենց կարծիքն էր, բայց ասացիք, որ «ղալլաթ» են անում, նախարարն այսպես արձագանքեց. «Շատ բարի, ես էլ ասացի, որ իրենք սխալ են անում: «Ղալլաթը» արաբերեն բառ է, որը նշանակում է սխալ, նշանակում է՝ չարաչար սխալվել: Վերցրեք Թումանյան ու կտեսնեք՝ ի՞նչ կոնտեքստում է այդ բառը: Եվ այդ հարցազրույցում ես բացել եմ, թե ինչ է նշանակում «ղալլաթը». դա անտեղի ժամանակ վատնող աշխատանք է ընդամենը, որոհետև կա մեծամասնություն և ակնհայտ է, որ անվստահություն հնարավոր չէ հայտնել»,-ասաց Հ. Թովմասյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս