Բաժիններ՝

Ձիթապտղի բուսայուղ. Առողջարար հատկությունները և պահպանման ճիշտ եղանակը

Ձիթապտղի բուսայուղը համարվում է դիետիկ ու առողջարար: Ամբողջ գաղտնիքը ճարպերի քիմիական կառուցվածքն է. բուսական յուղերը կենդանական ճարպից տարբերվում են նրանով, որ չհագեցած են, այսինքն` կազմված են չհագեցած ածխածնի երկար շղթայից, ի տարբերություն կենդանական բնույթի հագեցած ճարպաթթուներից:
Եթե Ձեր սննդակարգը` հագեցած ճարպեր ունեցող մթերքների փոխարեն, կազմված լինի մոնո-ոչ հագեցած կամ պոլի-ոչ հագեցած ճարպերից, ապա դրանից Ձեր առողջությունը միմիայն կշահի: Այս տեսակի ճարպերը կանխարգելում են սրտային հիվանդությունների առաջացումը:

Օրինակ, մոնո-ոչհագեցած ճարպերը նպաստում են խոլեստերինի մակարդակի նվազմանը, արյան մակարդելիության կարգավորմանը: Որոշ հետազոտություններ նույնիսկ ցույց են տվել, որ մոնո-ոչ հագեցած ճարպերն օգտակար ազդեցություն ունեն ինսուլինի մակարդակը և արյան մեջ շաքարի քանակը կարգավորելու գործում, որը կարող է շատ շահեկան լինել 2-րդ կարգի շաքարախտ ունեցողների համար:
Մի կարևորագույն հանգամանք կա. որքան էլ որ այս ճարպերն առողջարար են, պետք է հիշել, որ դրանց կալորիականությունը շատ բարձր է, և պետք չէ չարաշահել նման սննդամթերքը: Օրական մեկ թեյի գդալ ձիթապտղի և մեկ գդալ, օրինակ` կտավատի բուսայուղը, բավարարում են ձեր օրական պահանջը:

Եվ, բնականաբար, ցանկալի է այս յուղերն օգտագործել առանց ջերմային մշակման, այսինքն` չտապակել:

Իսկ արդյոք ճի՞շտ եք պահում ձիթայուղը: Ընթերցողը պետք է տեղյակ լինի, որ լույսը, ջերմությունը և օդը կարող են բացասական ազդեցություն ունենալ ձիթապտղի բուսայուղի օգտավետության վրա: Ուրեմն, չպետք է մոռանալ օգտագործելուց հետո ամուր փակել շշի կափարիչը, դնել փակ պահարանում և պահել սենյակային ջերմաստիճանում, իսկ ավելի ապահով կլինի պահել սառնարանում: Խորհուրդ չի տրվում նաև արդեն բացված շիշը երկար պահել (խոսքը կես կամ առնվազն մեկ տարուց ավելի օգտագործելու մասին է), քանի որ ժամանակի ընթացքում բուսայուղի մեջ անհետանում են ինչպես` ճարպերը և բուսական ծագման սննդանյութերը, այնպես էլ` համային հատկանիշները:

Իսկ խանութում բուսայուղ ընտրելիս առաջնությունը տվեք մուգ ապակյա շշերին կամ մետաղե տուփերով բուսայուղերին:

ՎԱՐԴԱՆՈՒՇ ՊԵՏՐՈՍՅԱՆ
սննդաբան (դիետոլոգ), գաստրոէնտերոլոգ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս