Ջրամատակարարման բարելավման աշխատանքներ են իրականացվում 18 քաղաքային և 99 գյուղական համայնքում
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը` հայաստանյան ներկայացուցիչ Դեյվիդ Դոլի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էին նաեւ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը եւ Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:
Քննարկվեցին բանկի աջակցությամբ հանրապետության համայնքներում ջրամատակարարման եւ ջրահեռացման, քաղաքային համայնքների կայուն զարգացման, կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտներում իրականացվող ծրագրերին առնչվող հարցեր: Երկուստեք դրական գնահատվեց ծրագրերի ընթացքը:
Նշվեց, որ հաջողությամբ իրականացվում է խմելու ջրի ոլորտում ամենախոշոր ծրագրերից մեկը` համայնքներում ջրամատակարարման եւ ջրահեռացման բարելավմանն ուղղված ընթացիկ ծրագիրը, որը մեկնարկել է 2012թ. եւ կավարտվի 2017թ-ին: Նախատեսվում է, որ 18 քաղաքային եւ 99 գյուղական համայնքում կիրականացվեն ջրամատակարարման բարելավման աշխատանքներ, ինչը ենթադրում է ջրամատակարարման տեւողության ավելացում, ջրի կորուստների նվազում, ջրի որակի բարելավում, հնարավորության դեպքում` անցում մեխանիկականից ինքնահոս համակարգի: Նշվեց, որ ծրագիրն իրականացվում է ժամանակացույցի համապատասխան:
«Գնահատելի եմ համարում, որ բանկը հետեւողականորեն իր ուշադրության կենտրոնում է պահում այնպիսի կարեւոր ոլորտ, ինչպիսին խմելու ջրի ոլորտն է: Կարծում եմ, որ բանկի հետ նոր ծրագիր սկսելու հնարավորություններ կունենանք` օպերատոր ընկերությունների սպասարկման դաշտից դուրս գտնվող 500-ից ավելի համայնքների ջրամատակարարման համակարգի կառավարման հետ կապված»,-նշեց Ա. Գեւորգյանը` տեղեկացնելով, որ գերմանական KfW բանակի աջակցությամբ կատարվում է ուսումնասիրություն, որի արդյունքում նշված համայնքներում ջրամատակարարման բարելավման վերաբերյալ առաջարկություններ կներկայացվեն:
Անդրադարձ եղավ նաեւ ՀՀ կառավարության եւ ԱԶԲ միջեւ ենթակառուցվածքների կայունացման աջակցության ծրագրի փոխըմբռնման հուշագրով Ջրտնտպետկոմի մասով պարտավորությունների կատարման ընթացքին, նշվեց, որ դրանց մի մասն արդեն կատարված է:
Ներկայացվեցին նաեւ բանկի տեխնիկական աջակցությամբ չորս քաղաքների` Գյումրիի, Վանաձորի, Դիլիջանի եւ Ջերմուկի զարգացման ծրագրերի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքները: Նշվեց, որ շուտով արդեն պատրաստ կլինեն Դիլիջան քաղաքի մասով ուսումնասիրության արդյունքները:
ԱԶԲ աջակցությամբ մշակվում է նաեւ կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտում ազգային ռազմավարական ծրագիրը, որի աշխատանքները նույնպես առաջիկայում կավարտվեն, կներկայացվի նաեւ ծրագրի ներդրումային գնահատականը: Փոխվարչապետը կարեւորեց համագործակցված աշխատանքը մյուս դոնոր կազմակերպությունների հետ, որոնք նույնպես այս ոլորտում ծրագրեր են իրականացնում:
Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին