
Ընդդիմությունը կասկածում է

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի տպավորոթյամբ՝ ոչ իշխանական խմբակցությունները «կասկածամիտ են» իրենց կողմից գազի հարցով ժամանակավոր հանձնաժողով տեղծելու նախաձեռնությանը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի ունեցած քննարկումից հետո, որին մասնակցում էին ոչ իշխանական խմբակցությունների ղեկավարները, Գալուստ Սահակյանը, պատասխանելով 168.am-ի հարցին, թե ի՞նչ եզրահանգման եկան, պատասխանեց, որ ոչ իշխանական ուժերի կողմից իրենց եղել են առաջարկներ, և համաձայնություն է ձեռք բերվել միայն այն հարցում, որ ԱԺ քառօրյա այս նիստում հարցը քննարկվելու է: «Որոշակի առաջարկներ եղան, վաղը երեւի մինչեւ 12-ը, ամեն մեկը առանձին իրենց թիմերում կքննարկեն: Ըստ երեւույթին, համաձայնությունը նա էր, որ կարողանանք առաջիկա քառօրյային խնդիրը քննարկել»,- ասաց նա: Գալուստ Սահակյանը նաև նշեց, որ իրենց կողմից ներկայացված փաստաթուղթն այնքան գրագետ է կազմված եղել, որ ոչ իշխանական չորս խմբակցությունների առաջարկները իր վրա թողել են կասկածամտության տպավորություն: «Փաստաթուղթն այնպես գրագետ էր կազմված, որ այն առաջարկությունները, որոնք ընդդիմությունն արեց, կասկածամտությունից ելած էին: Բայց դրանք մենք այսօր կքննարկենք ու կարծում եմ, ընդունելի կլինի նաև մեզ համար»,- նշեց նա` ոչ իշխանական ուժերի համար ավելացնելով, որ պոպուլիզմով զբաղվել պետք չէ: «Մեր ներկայացրած նյութերն ավելի խորքային են ու կարծեմ, ավելի արդյունավետ կլինի: Իրենք ցանկանում են խորամուխ լինեն հարցին, մենք էլ նպատակադրում ենք հնարավորություն ստեղծել`ավելի շատ հասարակության համար, քան ինքներս մեզ: Ընդդիմությունը կարող է չհավատալ: Մենք հավատով ենք հարցին մոտենում և փորձում ենք քննարկել այնպես, որպեսզի հասարակությունն էլ իրազեկվի»,- եզրափակեց նա: