«Ման էի գալիս ու չէի գտնում Հայաստանը». Ըստ Ճըն Կոսյեի, չինացիները հայերի համեմատ ավելի աշխատասեր ու պատասխանատու են. medialab.am
Չինացի խոհարար Ճըն Կոսյեն չինական նախշազարդերով սպիտակ վերնաշապիկով է, վրան` վանդակավոր գոգնոց, գլխին` մեծ, սպիտակ խոհարարի թասակ, ու այսպես սկսում է պատրաստել օրվա առաջին ուտեստը: Այս մասին գրում է medialab.am-ը:
Ճըն Կոսյեն արդեն 5 տարի է, ինչ ապրում է Հայաստանում և աշխատում Երևանի չինական ռեստորաններից մեկում որպես գլխավոր խոհարար:
Խոհանոցում նա իրեն իսկական տիրակալ է զգում, մեծ մետաղե շերեփով խառնում է կրակին դրված կաթսայի միջի բրնձի մակարոնը, նորից ձեթ ավելացնում և հետևում կողքի սալօջախին դրված հավի մսի կտորներին:
Երկու հայ օգնականները կտրատում են կանաչեղենն ու այլ անհրաժեշտ մթերքները, տրամադրում իրեն, և արդեն 10 րոպեից պատրաստ են հայերի ամենասիրելի և շատ պատվիրվող չինական ուտեստներից մեկը՝ հավի միս ՖՆ ՍԵ մակարոնով:
Ճըն Կոսյեն եկել է Պեկինից և ունի շուրջ 17 տարվա խոհարարական փորձ՝ չինական ուտեստների առանձնահատկություններն ու համային գաղտնիքները հայերի քիմքին մատուցելու համար:
«Չինական խոհանոցն ունի մի քանի հազար տարվա պատմություն: Սակայն Չինաստանի տարբեր տարածքներում ու ծայրամասերում ուտեստները տարբեր ձևով են պատրաստում: Ցուրտ տարածքներում ուտում են շան միս, տաք շրջաններում՝ լապշա, բրինձ, իսկ տարածքներ կան, որտեղ շատ են օգտագործում բանջարեղեն»,- ասում է 40-ամյա Ճըն Կոսյեն:
Պատմում է, որ երբ նոր էր եկել, հայերեն խոսելու խնդիր կար, որովհետև բացի չինարենից ոչ մի լեզու չգիտեր:
«Ես շատ վատ էի զգում, երբ խոհարարներն իմ կողքին խոսում էին, կատակում, ծիծաղում, իսկ ես ոչինչ չէի հասկանում, լուռ իմ գործն էի անում»,- ասում է նա:
Հետագայում արդեն հարմարվեց, սովորեց հայերեն բառեր ու ինչպես ինքն է նշում դարձավ նրանցից մեկը:
«Հայերն ընդհանրապես ավելի աշխույժ են, քան չինացիները: Մենք, եթե աշխատում ենք, զբաղված ենք միայն մեր աշխատանքով, այսինքն` կատակել, աշխատանքից դուրս ուրիշ բաներով զբաղվել չկա: Չինացիները հայերի համեմատությամբ շատ աշխատասեր են ու պատասխանատու: Նրանք ավելի նվիրված են իրենց գործին»,- ասում է Կոսյեն:
Լիլիթ Առաքելյան
Լուսանկարը՝ Կարապետ Սահակյանի
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: