Բաժիններ՝

Դատապարտյալներին վաղաժամկետ պայմանական չեն ազատում` խախտելով օրենքները

Բաց նամակ ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալ Ռուբեն Գրիգորի Ամատունուց

Դիմում-խնդրագիր

Ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում «168 Ժամ» թերթին` արդարության և օրինականության վերականգնմանը նպաստելու, դատապարտյալներիս խնդրահարույց համար 1 հարցի վրա հանրության և կառավարության ուշադրությունը դարձնելու համար։ Մենք բազմիցս բարձրացրել ենք տարբեր ԶԼՄ-ներով այս հարցը, որը, սակայն, մինչ այսօր ոչ միայն լուծում չի ստացել, այլ նաև ավելի է բարդանում։ Մեր կողմից բարձրաձայնվող այս հարցին ոչ մի տեղից արձագանք չի տրվում։

Այս հարցը, հիշեցնեմ, որ դատապարտյալներիս վաղաժամկետ պայմանական ազատման հարցն է. այն, որ ՀՀ Քր օր-ի 76, 77 և Քրեակատարողական օր-ի 114,115 հոդվածներով յուրաքանչյուր հանցագործություն կատարողի համար սահմանված է որոշակի նվազագույն պատժաժամկետ, որը լրանալուն պես տվյալ դատապարտյալի նկատմամբ կարող է կիրառվել վաղաժամկետ պայմանական ազատում, իհարկե, եթե տվյալ դատապարտյալը վերջին վեց (6) ամիսների ընթացքում թույլ չի տվել կարգապահական խախտում, հատուցել է քաղ-հայցը կամ սնանկ է ճանաչվել, չունի հսկում, հաշվառում, մասնակցում է պատժի կրման վայրում անցկացվող հանրօգուտ միջոցառումներին, կատարում է վարչակազմի օրինական պահանջները և նախկինում թույլ տված կարգապահական խախտումների հետևանքով չի ճանաչվել չարամիտ խախտող։ Հաշվի է առնվում նաև, ի օգուտ դատապարտյալի, նախկինում դատվածություն չունենալը, խրախուսանքի արժանանալը, լավ վարքագիծը, ընտանիքի վիճակը։

Սակայն իրականում դատապարտյալներիս վաղաժամկետ պայմանական չեն ազատում` խախտելով, անտեսելով ի օգուտ մեզ սահմանված բոլոր օրենքները, այսինքն` չեն ազատում թե՛ նախկինում բազմիցս դատապարտված, տույժեր ունեցողին, և թե՛ աշխատող, խրախուսանքների արժանացած նախկինում դատվածություն չունեցողին: Ահա այն իրականությունը, որն առկա է այսօր ՀՀ կալանավայրերում, և որոնցում ընդհանրապես մեղքի բաժին չունեն ՔԿՀ-ի վարչակազմերը, քանի որ խնդիրն առաջացրել են վերևներից, և մենք չգիտենք՝ ո՞վ կամ ովքե՞ր են այդ բարձրաստիճան դիրք ունեցող անձինք, որոնք, իրենց օրենքից բարձր դասելով, ծավալում են հակապետական և հակաժողովրդական գործունեություն։

Իսկ հիմա այս տողերը կարդացող յուրաքանչյուր անձ թող պատկերացնի (իհարկե, Աստված մի՛ արասցե), որ ինքը կյանքի հանգամանքների, սոցիալական վատ վիճակի, գինովցած լինելու, իր ավտոմեքենայի անսարքության, իր անձին և սրբությունը վիրավորելու, չմտածված քայլերի դիմելու, ըստ հին հայկական ավանդույթի՝ ամուսնության նպատակով իր կամ ընկերոջ համար աղջիկ առևանգելու, զրպարտողների սուտ մատնության, ոչ ճիշտ ժամանակին ոչ ճիշտ տեղում գտնվելու, ինչ-որ բան տեսնելու` իմանալու և չհայտնելու, կամ այլ պատճառներով հայտնվում է անազատության մեջ և չլինելով հանցագործ` զղջում է կատարածի համար, և իմ կողմից վերը նշված օրենսդրական և ոչ օրենսդրական ձևակերպումներով ենթակա է վաղաժամկետ պայմանական ազատման, և իրեն չեն ազատում՝ խախտելով և ոտնահարելով իր իրավունքները։ Եվ ինչպիսի ծանր հոգեվիճակում կհայտնվեք Դուք և Ձեր ընտանիքը։

Իսկ հիմա պատկերացնելով այս ամենը` պատկերացրեք, թե ի՞նչ ապրումների մեջ եմ ես գտնվում (և ոչ միայն ես)։ Այնպես որ, որևէ մեկն ապահովագրված չէ դատապարտյալի կարգավիճակում հայտնվելուց, իսկ, Աստված մի արասցե, հայտնվելով այստեղգ Այս ամենը, ինչպես արդեն նշվեց, կատարվում է մի խումբ հակապետական, հակահասարակական դիրքում գտնվող բարձրաստիճան պաշտոնյաների կողմից տրված, բանավոր, գաղտնի հրաման-հրահանգով։
Իրազեկում եմ այդ պաշտոնատար անձանց ևս մեկ անգամ, որ օրենքի և օրենքների պահանջների անտեսումը, ոտնահարումը կամ ուղղակի միտումնավոր խախտումը քրեորեն ավելի վտանգավոր արարք և հանցանք է համարվում, որի համար ավելի խիստ պատիժ է նախատեսվում:

Օրենքը բոլորի համար է, այնինչ մեկին խախտելու համար դատում են, իսկ մյուսին` խրախուսումգ Ահա այդպես է խախտվում օրենքը ՀՀ-ում։ Ես, ըստ օրենքի պահանջի, կրում եմ պատիժ և իմ վարքով-աշխատանքով և կարգապահությամբ բազմիցս ապացուցել եմ, որ ենթակա եմ վաղաժամկետ պայմանական ազատման՝ ըստ օրենքի պահանջի, սակայն, հաշվի չառնելով ոչ մի հանգամանք, ինձ արդեն երկու անգամ մերժել են։

Սույն թվականի հունվարի 31-ին «Կոշ» ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովը 3-րդ անգամ մերժեց իմ վաղաժամկետ ազատումը` պատճառաբանելով հոդվածիս ծանրությունը և ակնարկելով, որ ունեն վերևից ներքին կարգավիճակով հրաման։
Խնդրում եմ բոլոր ազգասեր, արդարության կողմնակից անձանց, միջամտել և աջակցել այս խնդրի լուծմանը, իսկ Ձեզ` հարգելի լրագրողներ, խնդրում եմ լուսաբանել և բարձրացնել այս հարցը բոլոր հնարավոր միջոցներով։

Դիմող` դատապարտյալ
ՌՈՒԲԵՆ ԳՐԻԳՈՐԻ ԱՄԱՏՈՒՆԻ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս