Դաշնակցությունը մի ոտքով ներսում է, մյուսով՝ դրսում

Օրերս ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հայտարարել էր նոր ձևաչափի մասին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ` Ազատության հրապարակում, կառավարության հրաժարականի պահանջ` ԱԺ-ում:  168.am-ը ՀՅԴ խմբակցության ղեկավար Ամեն Ռուստամյանից հետարքրքվեց, թե Դաշնակցությունը տեսնո՞ւմ է Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու անհրաժեշտություն: Ի պատասխան՝ Ամեն Ռուստամյանն ասաց, թե «դուրսն ու ներսը» չպետք է տարանջատել:

«Սրանք արդեն այն խոսակցություններն են, որոնք մեր ներսում էլ ենք ունենում: Մենք մեր մոտեցումն ունենք՝ կապված դրսի հետ էլ, ներսի հետ էլ: Հիմա պարոն Զուրաբյանն իր մոտեցումն է ասում, մենք մերը: Բայց ես չեմ կարծում, թե դրանք իրարից առանձին են: Ի՞նչ է նշանակում դրսում էս ասել, ներսում էն… ես երկու տեղն էլ նույնն եմ ասում, ուզում է ԱԺ սենյակում լինի, ուզում է էս սենյակից դուրս: Հիմա դուրսն ու ներսը տարբերել իմաստ չունի: Հակառակը՝ երկու կողմերն էլ պետք է ուժեղացնեն պայքարը»,- նշեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:

Հարցին, թե ոչ իշխանական չորս խմբակցությունները քննարկո՞ւմ են փողոց դուրս գալու տարբերակը, եթե կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը չընդունվի, Ռուստամյանը պատասխանեց, թե իրենք արդեն իսկ դրսում են: «Որտե՞ղ ենք որ.. փողոցում ենք էլի, փողոցից դուրս ենք գալիս ներս, հետ ենք գնում փողոց, մի ոտներս ընտեղ է, մի ոտներս՝ էնտեղ»,- նշեց նա:

Ի դեպ, ինչպես նշեց Ռուստամյանը, ՀՅԴ ներկայացուցիչները ազատ են Մարտի 1-ի ՀԱԿ հանրահավաքին մասնակցելու հարցում: «Դա ՀԱԿ-ի հանրահավաքն է, մուտքը ազատ է՝ կարող են գնալ: Ազատ են, հանրահավաք է, ով կուզենա, թող մասնակցի»,- հավաստիացրեց նա:

Տեսանյութեր

Լրահոս