Քաղաքապետարանը 10 անգամ քիչ գումար է հատկացրել անօթևանների խնդրին, քան թափառող շների դեմ պայքարին. «Ժամանակ»
«Ժամանակ»-ը գրում է. Երևանի քաղաքապետարանը անցյալ տարի մոտ 10 անգամ քիչ գումար է հատկացրել անօթևանների խնդրին, քան թափառող շների դեմ պայքարին։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը ի պատասխան «Ժամանակի» հարցի՝ ինչպե՞ս հասկանանք, որ թափառող շների դեմ պայքարի համար քաղաքապետարանը 220 մլն դրամ գումար է տրամադրում, իսկ անօթևանների համար, ովքեր ցրտահարվելու պատճառով անդամահատվում են, տրամադրվում է ընդամենը 25 մլն դրամ գումար, ասաց. «Հարցադրումը համեմատության մեջ ընդունելի չէ։ Գումարներով չի, որովհետև մի դեպքում շների հետ գործ ունենք, որոնք, իհարկե, էլի կենդանի են, էլի ուշադրության կարիք ունեն, և այստեղ խնդիր կա, բայց համեմատությունը, իմ կարծիքով, տեղին չէ։ Ասեմ, որ պետությունն ինքը միջոցներ ունի նախատեսված այս ծրագրի համար։ Խնդիրը պետության հոգածության տակ է»,- ասել է թերթի զրուցակիցը։
Ավելի մանրամասն կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում։