Կիևի Արհմիությունների տանը 40-50 մարդ է ողջ-ողջ այրվել. Սոբոլև
Կիևի Արհմիությունների տանը փետրվարի 19-ի գիշերը 40-50 մարդ է ողջ-ողջ այրվել: Այդ մասին РБК-Украина-ին հայտնել է «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավարի տեղակալ Սերգեյ Սոբոլևը:
«Մեզ մոտ տեղեկությունը ժամ առ ժամ փոխվում է, հիմա հիվանդանոցներից ստացված ցուցակների համաձայն` 40-50 մարդ արդեն զոհվել է»,-ասել է պատգամավորը:
Խոսքը այն վիրավորների մասին է, ովքեր գտնվել են Արհմիությունների տանը և չեն կարողացել տեղաշարժվել: «Մենք չգիտենք, թե մինչև հիմա քանի մարդ է ողջ-ողջ այրվել, երբ այդտեղ ուժայինները նռնակներ են նետել: Դա դիտավորյալ և ծայրահեղ դաժան օպերացիա էր: Չէ՞ որ այնտեղ վիրավորներ էին, ովքեր չէին կարող տեղաշարժվել: Այդ պահին ավելի քան 100 վիրավոր է եղել շենքում: Մենք անգամ կոնկրետ մարդկանց ազգանուններ չգիտենք, այդ պատճառով էլ նույնիսկ նրանց անվանացուցակները չենք կարող կազմել»,- հայտարարել է նա: