
Նախարար Նալբանդյանն ընդունել է բրիտանացի խորհրդարանականներին

Փետրվարի 19-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Միջխորհրդարանական միությունում բրիտանական խմբի պատվիրակությանը` խմբի ղեկավար Ջոն Ուիթինգդեյլի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին Համայնքների պալատի անդամներ Սթիվեն Փաունդը, Մայք Գեյփսը, Հերիեթ Բոլդուինը, Լորդերի պալատի անդամներ Լորդ Ֆոլկները և Բարոնուհի Հուփերը։
Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց ՄԹ խորհրդարանականների ներդրումը հայ-բրիտանական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամները վստահեցրին, որ շարունակելու են ջանքերը Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև համագործակցության առավել սերտացման ուղղությամբ։
Հանդիպմանը քննարկվեցին հայ-բրիտանական հարաբերությունների՝ հետագա զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, Հայաստան – Եվրոպական միություն համագործակցությունը: Այդ համատեքստում կարևորվեց միջխորհրդարանական համագործակցությունը, որպես երկկողմ կապերը խթանելու արդյունավետ միջոց, և անդրադարձ կատարվեց խորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությանը:
Նախարար Նալբանդյանը հյուրերին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը:
ՀՀ ԱԳՆ