
Կլիչկոն և Յանուկովիչը այս պահին բանակցում են

Ուկրաինայի ընդդիմադիր «Ուդառ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն ժամանել է նախագահական նստավայր` հանդիպելու նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ: Այդ մասին Twitter-ում գրել է «Ուդառ» -ի մամլո խոսնակ Օքսանա Զինովեւան: Ժամը 23:00-ին Յանուկովիչի և ընդդիմադիր լիդերների հանդիպումն էր հայտարարված, որից հետո, ըստ լրատվամիջոցների, Ուկրաինայի նախագահը պետք է ելույթով դիմի ժողովրդին: Հիշեցնենք, որ Վիկտոր Յանուկովիչը ընդդիմադիր առաջնորդներին առաջարկել էր քաղաքական իրավիճակի կայունացման շուրջ բանակցությունները շարունակել: Անկախության մայդանի հարթակից այդ կապակցությամբ ուկրաինական ընդդիմադիր «Ուդառ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն հայտարարել էր, որ Յանուկովիչը զանգահարել է իրեն և նա պատասխանել է, որ բանակցությունների միակ պայմանը «Բերկուտի» և ներքին զորքերի գործողությունների դադարեցումն է: «Մենք պատրաստ ենք խոսել, նստել և քննարկել,կոմպրոմիս գտնել, բայց ոչ մարդկային զոհերի գնով»,-ասել է Կլիչկոն: