Վազաշեն-Պառավաքար ավտոճանապարհը պատրաստ կլինի ամռանը. փոխվարչապետն այցելել է Բերդի տարածաշրջան

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Տավուշի մարզի Բերդի տարածաշրջան կատարած աշխատանքային այցի ընթացքում ծանոթացավ տարածաշրջանում իրականացվող ճանապարհաշինական եւ սոցիալական ենթակառուցվածքների բարելավման ծրագրերին: Փոխվարչապետին ուղեկցում էին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն ու Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի(ՀՍՆՀ) գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը:

Փոխվարչապետն այցն սկսեց Դիլիջանի տարածաշրջանի Թեղուտ համայնքից, որտեղ ՀՍՆՀ ծրագրով կառուցվում է նոր մանկապարտեզ: Ա. Գեւորգյանին ներկայացվեց շինարարական աշխատանքների ընթացքը: Նախատեսվում է, որ նոր շենքը շահագործման կհանձնվի ամռանը: Ավելի քան 120 մլն դրամ արժեքով ծրագրին համաֆինանսավորման եղանակով մասնակցում է նաեւ համայնքը:

Փոխվարչապետն այնուհետեւ ծանոթացավ Վազաշեն-Պառավաքար ճանապարհի կառուցման աշխատանքներին: ՀՀ կառավարության փետրվարի 6-ի որոշմամբ ռազմավարական նշանակություն ունեցող Վազաշեն-Պառավաքար 3.2 կմ ընդհանուր երկարությամբ այլընտրանքային ավտոճանապարհի կառուցման համար հատկացվել էր 535, 7 մլն դրամ: Զեկուցվեց, որ արդեն իրականացվել են շուրջ 240 մլն դրամի աշխատանքներ: Ակնկալվում է, որ ճանապարհը վերջնականապես պատրաստ կլինի ամռանը:

Ա. Գեւորգյանն այցելեց նաեւ Ներքին Կարմիր աղբյուր եւ Վերին Կարմիր աղբյուր համայնքներ: ՀՍՆՀ-ն այս համայնքներում եւս սոցիալական ենթակառուցվածքների վերականգնման ծրագրեր է իրականացնում: Ներքին Կարմիր աղբյուրում արդեն կառուցվել է համայնքային նոր կենտրոնի շենքը: Ծրագրի իրականացման համար պահանջվել է 122 մլն դրամ, որին իր ներդրումն է ունեցել նաեւ համայնքը: Վերին Կարմիր աղբյուրում ներկայումս ընթացքում են մանկապարտեզի նոր շենքի կառուցման աշխատանքները: Այս ծրագրի արժեքը նույնպես շուրջ 122 մլն դրամ է կազմում: Փոխվարչապետին զեկուցվեց, որ շենքը պատրաստ կլինի շահագործման արդեն այս տարվա օգոստոսին: ՀՍՆՀ գործադիր տնօրենը տեղեկացրեց, որ այս տարի կիրականացվի նաեւ տարածաշրջանի մեկ այլ` Այգեպար համայնքի դպրոցի վերանորոգման ծրագիրը, որի արժեքը կկազմի շուրջ 85 մլն դրամ:

Փոխվարչապետը մարզպետի եւ համայնքների ղեկավարների ուշադրությունը հրավիրեց վերանորոգվող եւ նոր կառուցվող մանկապարտեզների ֆինանսավորման եւ պահպանման խնդրին` ընդգծելով համայնքային բյուջեներում այդ նպատակով համապատասխան միջոցների նախատեսման կարեւորությունը:

Նշված համայնքներում փոխվարչապետը հանդիպեց նաեւ բնակիչների հետ, ովքեր ներկայացրեցին իրենց հուզող հարցերը: Նրանք առաջին հերթին կարեւորեցին անվտանգության ապահովումն ու հրադադարի ռեժիմի պահպանումը: Դրական գնահատելով կառավարության կողմից վերջին շրջանում իրականացվող գյուղատնտեսության աջակցության ծրագրերը եւ նշելով, որ իրենց հիմնական եկամտի աղբյուրը գյուղատնտեսությունն է` բնակիչները բարձրացրեցին մատչելի գնով գյուղտեխնիկայի, մասնավորապես, կոմբայնների ձեռք բերման հարցը: Բարձրացվեց նաեւ ոռոգման ցանցի բարելավման խնդիրը, ինչը, ըստ նրանց, հնարավորություն կտա ոռոգելի դարձնել 35-40 հա խաղողի այգի: Բնակիչները կարեւորեցին տարածաշրջանում հակակարկտային կայանների տեղադրման հարցը: Նրանք դրական գնահատեցին 2013թ. սահմանամերձ համայնքների համար հողի հարկի փոխհատուցման եւ ոռոգման ջրի վարձավճարի արտոնությանը վերաբերող կառավարության որոշումը:

Ա. Գեւորգյանը տեղեկացրեց, որ կառավարությունը նախատեսում է այս տարի եւս շարունակել նույն ծրագիրը, եւ առաջիկայում համապատասխան որոշման նախագիծը կներկայացվի: Նա նաեւ խոստացավ, որ բարձրացված մյուս հարցերը եւս կքննարկվեն կառավարությունում: Փոխվարչապետը բնակիչներին պարզաբանումներ ներկայացրեց նաեւ “Հայխնայբանկ”-ում ավանդների փոխհատուցման գործընթացի, ինչպես նաեւ կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ:

Ա. Գեւորգյանը կանգ առավ Նավուր համայնքում, որտեղ ծանոթացավ վերանորոգման կարիք ունեցող դպրոցի շենքային պայմաններին: Քննարկվեց շենքի նորոգման հարցը հետագա ծրագրերում ներառելու հնարավորությունը:

Բերդ քաղաքում փոխվարչապետը շրջայց կատարեց վերանորոգված մանկապարտեզի շենքում, հանդիպեց աշխատակիցների հետ: Շենքի հիմնանորոգումն իրականացվել է մարզի առաջնահերթ խնդիրների լուծման եւ ՀՍՆՀ-ի ծրագրերով: Փոխվարչապետը գոհունակություն հայտնեց ստեղծված պայմանների կապակցությամբ` հույս հայտնելով, որ մարզում անհրաժեշտ ենթակառուցվածքների առկայությունը նոր հնարավորություններ կստեղծի բնակչության համար:

Բերդում փոխվարչապետն այցելեց նաեւ քաղաքային հիվանդանոց, որը հիմնանորոգվում է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող առողջապահական համակարգի արդիականացման ծրագրով: Նախատեսվում է երկու մասնաշենքի հիմնանորոգում եւ մեկ նոր մասնաշենքի կառուցում, ինչպես նաեւ վերազինում: Շինարարական աշխատանքների իրականացման ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 674 մլն դրամ: Փոխվարչապետին զեկուցվեց, որ աշխատանքները կավարտվեն ընթացիկ տարվա ամռանը, եւ բնակչությունը հնարավորություն կունենա տեղում առավել որակյալ բուժծառայություններ ստանալ:

Փոխվարչապետը եղավ նաեւ Բերդի համայնքապետարանի նախկին վարչական շենքում, որտեղ տեղակայված են գրադարանը, համայնքային այլ կառույցներ, ծանոթացավ շենքային պայմաններին, տեղում պատասխանատուների հետ քննարկվեցին շենքի վերանորոգման հնարավորությունները:Ա. Գեւորգյանն այցելեց նաեւ Բերդում կառուցվող Սուրբ Գեւորգ եկեղեցու շինհրապարակ, տեղեկացավ աշխատանքների ընթացքին:

Այցի ավարտին փոխվարչապետը ծանոթացավ նաեւ Իծաքար-Գանձաքար ճանապարհահատվածի բարեկարգման եւ վերանորոգման աշխատանքներին: Ներկայումս իրականացվում են ճանապարհի որոշ հատվածների լայնացման եւ բարեկարգման աշխատանքներ:

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս