«Շարժումը ունի առաջնորդ՝ դա Լևոն Տեր-Պետրոսյանն է, և Ր. Հովհաննիսյանը սա պետք է ընդունի». Գուրգեն Եղիազարյան

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը համոզված է՝ այսօր անմիջական հրամայական է դարձել սահմանադրական հեղափոխությունը: «Անմիջական հրամայական է դարձել, մեր ժողովրդի օրինավոր մեծամասնության հետ մեկտեղ իրականացնել սահմանադրական հեղափոխություն՝ քաղաքական, քաղաքացիական շահագրգիռ ուժերի ամենալայն մասնակցությամբ՝ հանուն ազգային շահի, ինքնիշխանության, ազատության, հանուն մեր սուրբ նահատակների, թող ոչ մեկ չհեգնի, ու մեր երեխաների: Օդ ու ջրի նման անհրաժեշտություն կա  միացյալ հրապարակի կայացումը և այս չընտրված իշխանությունների հեռացումը մինչև վերածննդյան ապրիլի 9-ը»,- այսօր Անի պլազա հյուրանոցում, տարեկան ազգային ուղերձի ընթերցման ժամանակ հայտարարել է Հովհաննիսյանը:

168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի հերթական կոչին, քաղաքական գործիչ, գրող-հրապարակախոս Գուրգեն Եղիազարյանն ասաց, թե ինքը համաձայն է այն մտքին, որ ապօրինի իշխանությունները պետք է հեռանան: Իսկ ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննսյանին, ապա Եղիազարյանն այս հարցում վերապահումներ ունի: «Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է լինի այդ ամենի առանցքը, ես համաձայն չեմ լինի: Առանցք կոչերով չեն դառնում, կոնսոլիդացիայի կոչերը քիչ են, շատ քիչ, դրանցով ոչ մի բան չես անի: Առանցքային մարդ դառնում են անցյալով, դեպի ապագա հայացքով: Իսկ նման առանցք կարող է լինել միայն ՀԱԿ-ը, ուրիշ ոչ մեկ»,- նշեց նա՝ հիշեցնելով, որ Մարտի 1-ին կկայանա ՀԱԿ հանրահավաքը, որը, ըստ Եղիազարյանի, որոշիչ կլինի քաղաքական դաշտում:

Նկատի ունենանով այն, որ ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները բանակցություններ են վարում՝ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցով, Գ. Եղիազարյանն ասաց, թե չի ցանկանա անդրադառնալ «Ժառանգությանը», քննադատել Րաֆֆի Հովհաննիսյանին: Ամեն դեպքում, խոսելով Րաֆֆի Հովհաննիսյանի սխալներից, «դասերից», որոնք նա քաղել 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, Գուրգեն Եղիազարյանն իր կողմից այդ շարքին ավելացրեց երեք անդառնալի մեղք:

«Առաջին մեծ մեղքը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը գործեց այն էր, որ ընտրությունների ողջ ընթացքում նրա թիրախը Լևոն Տեր-Պետրոսյանն էր, ոչ թե Սերժ Սարգսյանը: Իսկ Ս. Սարգսյանը Րաֆֆիի թիրախը դարձավ, երբ նրա հույսերը չարդարացան: Հիմնական, գլխավոր մեղքը սա է: Երկրորդ մեղքն այն է, որ Րաֆֆին իրեն միշտ միայն առաջնորդի դերում է պատկերացնում: Բայց առաջնորդ չեն դառնում, այդպիսին ծնվում են: Երրորդ մեղքը բազում մյուս սխալներն էր, որ նա թույլ տվեց: Հիմա, եթե այդ մեղքերի տակ գիծ գծենք, պետք է աշխատի գոնե այդ մեղքերը թույլ չտա: Այս հակասերժական, հակամաֆիոզ, հակապետական շարժումը ունի առաջնորդ՝ դա Լևոն Տեր-Պետրոսյանն է, և Ր. Հովհաննիսյանը սա պետք է ընդունի»,- նշեց նա:

Մեր հարցին, թե Րաֆֆի Հովհաննիսյանի համար Լևոն Տեր-Պետրոսյանը շարունակո՞ւմ է թիրախ մնալ, Գ. Եղիազարյանն այսպես արձագանքեց. «Ապրենք, կտեսնենք… եթե մի անգամ էլ փորձի այդ սխալը կատարել, կրկին թիրախ դարձնել Լ. Տեր-Պետրոսյանին՝ Սերժ Սարգսյանի փոխարեն, ապա իսպառ կվերանա մեր քաղաքական իրականությունից»:

Տեսանյութեր

Լրահոս