Րաֆֆի Հովհաննիսյանը մեղքերը կքավի պայքարով

«Ես կարծում եմ, որ մեզ ընտրած մեկ միլիոն քաղաքացիները տեղում են, հույսը չեն կտրել և իրենք պատրաստ են պայքարի»,- ազգային ուղերձը ընթերցելուց հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա շեշտեց, թե պայքարը լինելու է միասնական:

Հարցին, թե միավորվելո՞ւ եք ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի հետ, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Ժողովուրդը ինքը թելադրում է միացում թե ներքին, թե արտաքին մարտահրավերները հաղթահարելու համար, և մենք բոլորս պիտի սպասավոր լինենք ժողովրդի պահանջին»: Ի պատասխան այն հարցին, թե արդյոք պատրաստվո՞ւմ եք հանրահավաք հրավիրել, Ր. Հովհաննիսյանը պատասխանեց. «Գարնանը, որևէ մի օր… և արդեն հանրահավաքներ կան ու կան: Այն որակը, որը մենք տեսնում ենք ու պատկերացնում, ոչ միայն քանակի, այլև՝ որակի նոր պահանջարկ է: Մենք կտեսնենք՝ ոչ միայն գլխավոր հրապարակը, այլև մեր բոլոր օջախները կլցվեն նոր կրակով»: Նա նաև ասաց, որ մասնակցելու է Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված՝ ՀԱԿ-ի կողմից հրավիրված հանրահավաքին:

Իր ելույթում Րաֆֆի Հովհաննիսյանը թվարկեց յոթ դաս, որը ստացել էր 2013 թվականի նախագահական ընտրություններից՝ պարտության համար մեղավոր համարելով նաև հենց իրենց: Ճշտող հարցին, թե արդյոք ամենամեծ մեղավորությունը Ձեզ և ընդդիմությանն ե՞ք վերագրում, նա պատասխանեց. «Մեղավոր են առաջին հերթին ընտրությունը կեղծող, գողացող իշխանությունները՝ գործող նախագահի գլխավորությամբ: Իսկ մենք մեղավոր ենք, որ չկարողացանք այդ ծով ցանկությունը վերածել առարկայական երկարատև ուժի»: Հարցին, թե մեղքերն ինչպե՞ս  եք քավելու, Հովհաննիսյանն արձագանքեց. «Առաջիկա պայքարով»:

Տեսանյութեր

Լրահոս