Բորիս Նավասարդյան. Հայաստանում էլ հիանալի հասկանում էին այդ խաղը
«Եվրամիությունում հասկանում են` որքանով են անհեռանկարային Ռուսաստանի բոլոր նախաձեռնությունները: Եվ ինձ թվում է` նույնիսկ Ռուսաստանում են դա հասկանում, պարզապես օգտագործում են` որպես ժամանակավոր մարտավարական քայլեր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Բորիս Նավասարդյանը` պատասխանելով հարցին, թե, իր կարծիքով` ի վերջո, ո՞րն էր եվրոպական ինտեգրումից դեպի Մաքսային միություն շեղվելու` նախագահ Սերժ Սարգսյանի որոշման պատճառը:
Նավասարդյանի խոսքով` կարող ենք ենթադրել, որ Ռուսաստանը Հայաստանին հնարավորություն է տվել մինչև վերջ օգտագործել այդ՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները և դրա դիմաց ԵՄ-ից տարբեր աջակցություն, ֆինանսական օգնություն ստանալու հնարավորությունը:
«Այսինքն` «ինչքան կարող եք` օգտագործեք, հետո կորոշենք, թե արժի՞ ստորագրեք, թե՞ ոչ»: Այդ պատճառով, ըստ Նավասարդյանի` գործընթացը համարյա մինչև վերջ ձգձգվեց, որպեսզի Հայաստանը` որպես գործընկեր երկիր, կարողանա օգուտները ստանալ, բայց երբ հետագայում պարզ դարձավ, որ արդեն ժամանակն է ինչ-որ լուրջ քայլ կատարել, փաստորեն, Հայաստանի ղեկավարությանը ներկայացրին համապատասխան պահանջ: «Ինձ թվում է` Հայաստանում էլ հիանալի հասկանում էին այդ խաղը, հասկանում էին` երբ էլ Ռուսաստանը ներկայացնի այդ պահանջը, ստիպված կլինեն ենթարկվել»,- նշեց Բորիս Նավասարդյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում: