Արդյոք ԲՀԿ-ն կպահանջի՞ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով այն հարցին, թե ԲՀԿ-ն կպահանջի՞ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը, և եթե կառավարությունը հրաժարական տա, որոնք կլինեն ԲՀԿ-ի հետագա քայլերը, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն պատասխաեց, թե իրենք ունեն հստակ քայլերի հաջորդականություն: «Վստահ եղեք, որ մենք գիտենք՝ ո՞րն է լինելու մեր հաջորդ քայլը»,- նշեց նա՝ չբացելով փակագծերը:

ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանն էլ նշեց, որ այսօր իրենց օրակարգում կառավարության հրաժարականի խնդիրն է և ԱԺ ոչ իշխանական չորս քաղաքական ուժերը այդ հարցի շուրջ կարծես կարողանում են գալ համախմբման։

«Եվ որովհետև այն խնդիրները, որոնք ենթադրում են լուծումներ, կառավարության աշխատանքների ծիրին մեջ են՝ կուտակայինը, գազի հետ կապված խնդիրը, ժողովրդի կենսամակարդակի հարցը, արտագաղթը և այլն… այս բոլորը վերաբերվում է կառավարության աշխատանքին։ Առավել ևս, որ սա խորհրդարանական գործընթաց է՝ վարչապետի նշանակումը մեծամասնության լիազորությունն է, դա խորհրդարանական լիազորություն է և մենք ուզում ենք այդ ծիրի մեջ մնալ։

Բայց մենք ոչինչ չենք բացառում, մենք գիտենք, թե երկրի իրավիճակի գլխավոր պատասխանատուներն ովքեր են։ Բայց ըստ իրավիճակի թելադրանքի, մենք համապատասխան դիրքորոշում կորդեգրենք»,- ընդգծեց Վարդան Օսկանյանը։

Նաիրա Զոհրաբյանը հավաստիացրեց, որ չկա որևէ հարց, որը քննարկելի չլինի ոչ իշխանական չորս խմբակցությունների օրակարգում, կամ լինի տաբու, այդ թվում՝ և նախագահի հրաժարականի հարցը:

«Որովհետև չկա որևէ պաշտոնյա Հայաստանում, ով մտածի, որ ժառանգաբար այդ պաշտոնը ստանձնել է և ժառանգաբար կցված է իրեն։ Ցանկացած հարց քննարկելի է և մեզ համար առաջին հերթին ամենակարևորը ժողովրդից եկող իմպուլսներն են լինելու։ Մենք արձագանքնելու ենք այդ իմպուլսներին»,- եզրափակեց Զոհրաբյանը։

Տեսանյութեր

Լրահոս