
Հայաստանում 2013թ. չարորակ ուռուցքի 7 800 դեպք է ախտորոշվել, որոնցից 80-ը՝ մինչև 16 տարեկան երեխաների մոտ

Երեխաների մոտ քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը (ICCD) հռչակվել է 2001թ. Լյուքսեմբուրգում «Քաղցկեղով երեխաների ծնողների միության» (ICCCPO) կողմից: Միության առաքելությունն է բարելավել քաղցկեղով հիվանդ երեխաների նկատմամբ հոգածությունը և բուժման մատչելիությունն ամբողջ աշխարհում:
ICCCPO-ն հիմնվել է 1994 թ. Իսպանիայում: Այն ունի 118 անդամ-կազմակերպություն 73 երկրից, որոնցից մեկը Հայաստանն է:
Օրվա միջոցառումների նպատակն է գրավել հանրության ուշադրությունը երեխաների` քաղցկեղով հիվանդացության խնդիրներին, կազմակերպել դրամային միջոցների հավաք՝ նրանց բուժմանն աջակցելու նպատակով:
Վիճակագրական տվյալների համաձայն` ամբողջ աշխարհում նկատվում է չարորակ ուռուցքների հիվանդացության 3-4% աճ: Հայաստանում 2013թ.-ին, ընդհանուր առմամբ, չարորակ ուռուցքի 7 800 դեպք է ախտորոշվել, որոնցից 80-ը մինչև 16 տարեկան երեխաներ են:
Ուռուցքաբանության ազգային կենտրոնում մինչև 7 տարեկան երեխաների բուժումը կատարվում է անվճար՝ պետպատվերի շրջանակներում: Քաղցկեղով հիվանդ երեխաներին հսկայական օգնություն է ցուցաբերում «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը, որի աշխատանքները համակարգում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Այդ աջակցությունն արտահայտվում է հատկապես թանկարժեք դեղերի ձեռքբերմամբ և երեխաների մի մասի բուժումն արտասահմանում կազմակերպելով:
ՀՀ Առողջապահության նախարարություն