«Հացատան»-ը պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար դատապարտվեցին պայմանական պատժի
Դատարանը կնոջը և տղամարդուն դատապարտել է ազատազրկման պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար, սակայն պայմանականորեն չի կիրառել պատիժը: 56-ամյա տղամարդուն և 47-ամյա կնոջը մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ տղամարդը, հանդիսանալով ՍՊԸ-ի տնօրեն, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դիտավորությամբ, կնոջ հետ նախնական համաձայնության գալով «Հացատուն» սննդի օբյեկտի 2 առանձնասենյակ կահավորելուց հետո հաճախորդների հետ գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալու համար 6000-ական դրամով դրանք պարբերաբար տրամադրել են անձանց:
Բացի այդ, ըստ մեղադրանքի, նրանք կազմակերպել են հաճախորդների հետ ինտիմ հանդիպումներ հացատանը որպես մատուցողուհի աշխատող կանանց հետ:
Ըստ Datalex դատական տեղեկատվական համակարգում տեղադրված վճռի՝ դատաքննության սկզբում նրանք համաձայնել են մեղադրանքի հետ, միջնորդել դատաքննությունն իրականացնել արագացված կարգով: Դատարանը բավարարել է ամբաստանյալների միջնորդությունը: Դատարանն ապացուցված է համարել նրանց մեղքը. տղամարդը և կինը դատապարտվել են 2 տարի 11 ամիս 27 օրվա ազատազարկման: Առաջին ատյանի դատարանի վճռով՝ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել. նրանց նկատմամբ նշանակվել է փորձաշրջան 2 տարով: