Թեհիմե Ենոքյանին սպառնացել են իր նկարները Անժելա Սարգսյանի նկարների նման ֆոտոշոփ անել և տարածել (տեսանյութ)

ՀԱԿ ակտիվիստների և ՀՀԿ-ական երիտասարդների միջև փետրվարի 12-ին տեղի ունեցած հայտնի միջադեպի լուսանկարները ֆեյսբուքյան իր էջում հրապարակելուց հետո Lragir.am կայքի լրագրող Թեհմինե Ենոքյանը սպառնալիքներ է ստացել ֆեյսբուքում: Այսօր մարտի 1-ի հանրահավաքի իրազեկմանը նվիրված երթի ժամանակ Թեհմինեն պատմեց, որ ՀՀԿ երիտթևի և Ագրարային համալսարանի ուսխորհրդի անդամներին առաջինն ինքն է բացահայտել, նրանց նկարները տարածել է ֆեյսբուքում, երբ պարզել է ինքնությունը:

«Նրանք հիմնականում բոլորը ՀՀԿ-ից էին, Ագրարային համալսարանից, և պաշտոններ ունեին՝ դասախոս, վարժարանի տնօրեն, և այլն: Առավոտը ստացա նամակներ այն բովանդակությամբ, թե պետք է հեռացնեմ լուսանկարները, որովհետև պարզ երևում էր իրենց դեմքը, պարզ էր, թե ովքեր էին, ինչով են զբաղված:

Նամակների բովանդակությունը սկզբում խնդրանքի տեսքով էր, թե խնդրում եմ՝ հեռացրեք ֆոտոները, հետո պահանջում էին, հետո սկսեցին սպառնալ, տվեցին 1 ժամ ժամանակ՝ հեռացնելու համար, հետո անցան հայհոյանքների: Մոտ 10-15 նման նամակներ եկան»,- նշեց նա:

Լրագրողը պատմեց նաև, որ իրեն սպառնացողները election.am կայքում փնտրել են իր ազգանունը կրող մարդկանց, ասել, թե այդ մարդիկ իր ընտանիքի անդամներն են ու  սպառնացել են. «Դե բռնվի, տես՝ ինչ է տեղի ունենալու: Ասել են, թե իմ նկարները կարող է Անժելա Սարգսյանի նկարների նման ֆոտոշոփ անեն, տարածեն համացանցում»:

Նա ասաց, թե ինքը որևէ նամակի չի պատասխանել, դիմել է ոստիկանություն՝ այդ սպառնալիքները որպես հանցագործության մասին հաղորդում ընդունելու համար, պատրաստվում է դիմել նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Իսկ ինչ վերաբերում է ֆեյսբուքում տեղադրած ՀՀԿ-ականների նկարներին, ապա, ըստ նրա՝ չնայած սպառնալիքներին, ինքը չի պատրաստվում հանել դրանք այնտեղից: «Ինչ հայհոյանքներ, սպառնալիքներ, ինչ էլ որ լինի, ամբողջը հրապարաելու եմ և խորհուրդ կտամ իրենց զերծ մնալ նման քայլերից»,- եզրափակեց նա:

Տեսանյութեր

Լրահոս