
ԱԺ 4 խմբակցություններ. Միայն կուտակային պարտադիր բաղադրիչի դեմ ահագնացող շարժումը կստիպի իշխանություններին սթափվել

Ազգային ժողովի ոչ իշխանական խմբակցությունները հայտարարություն են տարածել, որում ասված է.
«Կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչի դեմ հասարակության ընդվզումը նոր զարգացումներ է արձանագրում: Գիտակցելով, որ իրենց սահմանադրական իրավունքները ոտնահարվում են, որ նվազում են մարդկանց իրական եկամուտները՝ արդեն ամբողջական աշխատանքային կոլեկտիվներ են բողոքի ակցիաներ կազմակերպում:
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի, երկաթուղու, մետրոյի, էլեկտրական ցանցերի աշխատակիցների՝ վերջին օրերի բողոքը սեփական շահերը պաշտպանելու մեր քաղաքացիների վճռականության դրսևորումն են: Շատ կարևոր է, որ «Դեմ եմ» նախաձեռնության անդամները կանգնած են նրանց կողքին, ինչը քաղաքացիական հասունության նոր որակ է հաղորդում օրինական պայքարին: ՀՀ Ազգայի ժողովի ոչ իշխանական չորս խմբակցությունները անթույլատրելի ու դատապարտելի են համարում Կենտրոնական բանկի, Պետական եկամուտների կոմիտեի՝ իրենց լիազորությունները գերազանցող մեկնաբանություններն ու պարզաբանումները, որոնք հակասում են Սահմանադրական դատարանի հայտնի որոշմանը:
Մենք ակտիվ, պայքարող, գիտակից քաղաքացիներին, երիտասարդներին կոչ ենք անում ավելի լայն թափով ու կազմակերպվածությամբ շարունակել պայքարը: Բոլոր գործատուներին հորդորում ենք՝ հետևել Սահմանադրական դատարանի իրավական պահանջին, բացառել աշխատակիցների հանդեպ ճնշումներն ու սպառնալիքները:
Մենք համոզված ենք՝ միայն կուտակային պարտադիր բաղադրիչի դեմ ահագնացող շարժումը կստիպի իշխանություններին սթափվել, ետ կանգնել հասարակության ու յուրաքնաչյուր քաղաքացու իրավունքներն ու շահերը ոտնահարող, վստահության խոր ճգնաժամ առաջացնող գործելաոճից: Մենք վստահ ենք՝ միայն հզոր շարժման առկայությամբ է հնարավոր հասնել Սահմանադրական դատարանի՝ պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական ճանաչող որոշմանը:
Մենք ամբողջովին սատարում ենք մեր քաղաքացիների արդարացի շարժմանը և պատրաստ ենք անմիջական մասնակցությամբ շարունակել պայքարը մինչև հաղթանակ»:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցություն
«Ժառանգություն» խմբակցություն
«Հայ ազգային կոնգրես» խմբակցություն
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցություն