ԱՄՆ-ում մեղավոր է ճանաչվել «Հայկական ուժ» հանցավոր խմբի անդամներից մեկը
Միացյալ Նահանգներում երդվյալ ատենակալների դատարանը «Հայկական ուժ» հանցախմբի անդամ Անդրանիկ Ալոյանին հինգ օր տևած լսումների արդյունքում մեղավոր է ճանաչել շորթման մեղադրանքներով, այդ թվում՝ բանկերի տարեց հաճախորդների անհատական և ֆինանսական տեղեկությունների գողության համար: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Միացյալ Նահանգների տարբեր վայրերում գտնվող բանկերի հիմնականում տարեց 75 հաճախորդների բանկային հաշիվներում պահվող գումարների ընդհանուր ծավալը գերազանցում էր 25 միլիոն դոլարը:
Այս հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը, որի համաձայն` 40-ամյա Ալոյանը դատապարվել է դաշնային դատարանի կողմից քրեական այն գործով, որով անցնում է 90 անձ, որոնցից 70-ը մեղավոր է ճանաչվել «Հայկական ուժ» հանցախմբի հանցավոր գործունեության հետ առնչություն ունենալու կապակցությամբ:
«Հայկական ուժ» հանցախումբը, ըստ հայտարարության, ձևավորվել է Լոս Անջելես քաղաքի Արևելյան Հոլիվուդ թաղամասում 1980-ականներին: Հանցախմբի հիմնականում անդամակցում են հայազգի, ինչպես նաև ծագումով նախկին Խորհրդային Միության այլ պետություններից անձինքն: Կալիֆորնիա նահանգի օրենսդրության համաձայն, «Հայկական ուժը» համարվում է փողոցային քրեական հանցախումբ և ունի ավելի քան 250 անդամ, ինչպես նաև հարյուրավոր հանցակիցներ:
Հաղորդագրության համաձայն, դատական փաստաթղթերում նշված է, որ «Հայկական ուժ» հանցախմբի անդամները կանոնավոր եղանակով իրականցնում էին բռնի քրեական հանցագործություններ, ներառյալ սպանություններ, սպանություններ իրականացնելու փորձեր, գողություններ և այլ քրեական հանցագործություններ: