Վարդան Օսկանյան. Ինչո՞ւ Լևոն Տեր-Պետրոսյանը չկարողացավ անել ինչ ուզում էր

Մենք պետք է հստակ տեսլական սահմանենք Հայաստանի համար, որը չի կարող ժողովրդավարության շրջանակներից դուրս լինել: Ռուսաստանը կարող է իրեն իրավունք վերապահել, տարբեր բաներ անել, բայց մեր զարգացման միակ ռեսուրսը ժողովրդավարությունն է, համերաշխությունը, միասնականությունը: Այս մասին «Սիվիլիթաս» հիմնադրամի կողմից կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը:

«Եվ սա անելու բարոյական իրավունք ունեն նրանք, ովքեր անկախություն են ձեռք բերել, ովքեր դեռ կան, ողջ են: Երկիրը սխալ ճանապարհով է գնում և մենք պետք է կարողանանք անձնական շահերը մի կողմ դնել, լուծումներ տալ»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է ՄՄ շրջանակներում ԼՂՀ հարցի լուծմանը, ապա Վ. Օսկանյանը նշեց, թե չկա մեկը, ով կկարողանա երկիրը դուրս բերել ստեղծված տնտեսական վիճակից. «Չի եղել ու չկա երկիրի ղեկավար, որը կկարողանա Ղարաբաղի հարցում զիջում անել: Ինչո՞ւ, որովհետև չկա քաղաքական կոնսենսուս, որովհետև չունի այդ քաղաական օրինականությունը, որ կարողանա ժողովրդի առաջ խնդիրներ դնել, լուծումներ բացատրել: Իշխանությունները չեն կարող դա անել, նույնիսկ եթե կտորի վրա մեզ տան Ղարաբաղի անկախությունը: Մենք բան չունենք դիմացը տալու, որովհետև իշխանության օրինականություն չունենք»:

Հարցին՝ արդյո՞ք այն, ինչ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 1998թ. ուզում էր իրագործել, ճիշտ ճանապարհ էր, Վ. Օսկանյանն այսպես արձագանքեց. «Ինչո՞ւ Լևոն Տեր-Պետրոսյանը չկարողացավ անել ինչ ուզում էր: Միգուցե այդ օրերի համար դա ճիշտ լուծում էր… 96-ին ընտրությունների հետևանքները կային և ես համոզված եմ, որ եթե նա ուզեր դա անել 95-ին, նա կկարողանար նման զիջման գնալ, որովհետև ընտրված նախագահ էր, ուներ օրինականություն, հարգանք, պատիվ, բայց դրանից հետո անհնար էր»:

Տեսանյութեր

Լրահոս